Այլ աշխատանքի առաջարկ չեմ ստացել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնաթող մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ հրապարակային ամեն ինչ ասել է։
Իր կատարած աշխատանքի հետ կապված դժգոհություններ եղե՞լ են՝ հարցին ի պատասխան, Կարապետյանն ասաց, որ ձեռնպահ կմնա մեկնաբանելուց, քանի որ հարցը կոռեկտ չի համարում։ Նա վստահեցրեց՝ բացարձակ նեղվածությամբ չի հեռանում, ավելին՝ պոզիտիվ է տրամադրված։
Երեկ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ Վլադիմիր Կարապետյանն ազատվելու է աշխատանքից, որի պատճառն այն էր, որ վերջինս Պուտինին հարց տալու համար գաղտնի ակրեդիտացիա էր տվել Ռուսթավի 2 հեռուստաալիքի լրագրողին։ Այսօր, փաստորեն, ականատես եղանք Կարապետյանի աշխատանքից ազատմանը, իսկ, թե որքանո՞վ է նշված պատճառը համապատասխանում իրականությանը՝ փորձեցինք ճշտել հենց Կարապետյանից․ «Թողնում եմ առանց մեկնաբանության։ Իմ հայտարարության շրջանակներից դուրս չեմ գա։ Դուք լուրջ հավատում եք, որ կես տարվա պատմությունն այսօր․․․ ըըը․․․ Դուք լուրջ նման բան եք մտածում»,- ասաց Կարապետյանը, ըստ էության, չհերքելով և հաստատելով տարածված տեղեկությունը։
Նշենք, որ ըստ Նարեկ Սամսոնյանի՝ նույն ճակատագիրն է սպասվում նաև վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանին, ինչի պատճառը վարչապետի հետ ունեցած տարաձայնություն է։
Սոնա Հարությունյան