Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Առողջապահության նախկին նախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը:
Դատարանի դահլիճում տեսանկարահանումը կամ լուսանկարահանումն արգելված էր: Լրագրողները հնարավորություն ունեին հետևելու դատական նիստի ընթացքին ու հետո լուսաբանելու:
Այսօր դատարանում հրապարակվեցին Արսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հատվածներ, ինչպես, օրինակ՝ «3000-ն ա ուրեմն։ Աբրահամյան, էս էլ էն հների տարբերությունը: Փետրվար ամսվա տարբերություններն են։ Դավթյան, ինչն ա՞ փոխվել։ Եթե մենք ստեղից դուրս գանք օրինական, հարկերն էլ հանած․․․ Լավ, նենց կանենք, աշխատավարձը բացարձակ չի իջնի, բայց հարկերն էլ կհանենք։ Նախորդից չիջնես էլի» (հեռախոսազրույցի մասը հրապարակվել է news.am կայքում):
News.am-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ընթացքում նաև հրապարակվել են տեսանյութեր, որտեղ երևում է Դավթյանի ու Աբրահամյանի միջև ինչ-որ ծրար փոխանցելու ու զրուցելու պահը:
Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Նախնական քննության տվյալներով՝ Արսեն Դավթյանը ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ մանկաբարձ գինեկոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանից։ Ռազմիկ Աբրահամյանին ևս այս գործով մեղադրանք է առաջադրված՝ կաշառք տալու համար:
Արսեն Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը, իսկ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։