Այս օրերին քննարկվող թեման Չինաստանում տարածում ստացած կորոնավիրուսին է, որի արդյունքում մեծ թվով մարդիկ են վարակվել, իսկ 100-ավորները՝ զոհ դարձել։ Չինաստանի Թիանջին քաղաքում գտնվող մեր հայրենակցուհի Էմմա Պետրոսյանն, ով այնտեղ է գտնվում անգլերեն դասավանդելու նպատակով, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում պատմեց, որ վիրուսի տարածման շրջանը համընկել է չինական Նոր տարվա հետ, բոլոր հանրային վայրերը փակ են, բոլոր տոնական միջոցառումները չեղարկվել են․ «Այդ շրջանում մարդիկ շատ են ճամփորդում, հետևաբար, դա էլ իր հերթին նպաստեց վիրուսի մեծ արագությամբ տարածմանն ու խուճապ առաջացնելուն։ Այս պահին, մասնավորապես, իմ քաղաքում խուճապ չկա․ մարդիկ, իհարկե, դեռ զգուշանում են, աշխատում են տնից դուրս չգալ կամ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հնարավորինս պետք է պահպանել անվտանգության կանոնները»,- ասաց Էմման։
Նրա խոսքով՝ 14 օր տանը պիտի մնան բոլոր նրանք, ովքեր վերադարձել են ճամփորդությունից (վիրուսի առաջին ախտանշանները 14-րդ օրն են միայն ի հայտ գալիս)․ «Այդ օրերին ես Շանհայում էի․ ընկերուհուս հետ որոշել էինք այնտեղ անցկացնել արձակուրդը։ Մեր այցելության հենց հաջորդ առավոտ բոլոր միջոցառումները չեղարկվեցին, հանրային վայրերը՝ փակվեցին։ Փողոցները լրիվ դատարկ էին, ովքեր էլ որ դրսում էին՝ պարտադիր դիմակներով։ Հյուրանոցում, որտեղ մնում էինք, ստուգում էին մեր ջերմությունը, հետո նաև բոլոր խանութների մուտքերի մոտ, մետրոյում, գնացքի կայարաններում։ Վերադարձանք մեր քաղաք, այստեղ կարանտինի մեջ ենք»,- նշեց մեր հայրենակցուհին։
Անդրադառնալով կեղծ ինֆորմացիաների տարածմանը՝ Էմման նշեց, որ դրանք սկիզբ են առնում հիմնականում սոցիալական ցանցերից․ «Իսկական խուճապն օնլայն հարթակում է։ Երբեմն ինֆոները իրականությանը չեն համապատասխանում․ թվում է՝ փակուղու մեջ ենք ու ելք չկա։ Թեև սկզբում ես էլ էի վախեցած, հատկապես, որ դեղատներում դիմակներ այլևս չկային, նույնիսկ ջերմաչափ չկարողացա գնել, բայց փոխարենը դիմակներ հնարավոր էր գնել օնլայն խանութներից կամ անհատ վաճառողներից, այդ թվում՝ հայերից, ովքեր աստղաբաշխական գներով են հիմա վաճառում դիմակները։ Ասվում էր նաև՝ օդանավակայաններում չեղարկվում են բոլոր թռիչքները, մետրոներն ու քաղաքային տրանսպորտը դադարեցրել են աշխատանքը, բայց դա ևս մասամբ է համապատասխանում իրականությանը»,- ասաց նա։
Չինաստանում գտնվող մեր հայրենակիցներից շատերը վերադառնում են Հայաստան, մինչև վիրուսը անցնի, սակայն Էմման այդպիսի պլաններ չունի՝ հույս ունի, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի։ Խոսելով Չինաստանից վերադարձող մեր հայրենակիցների վերաբերյալ հայաստանցիների արձագանքի մասին, նշեց՝ բավականին տհաճ ու վիրավորական մեկնաբանությունների է հանդիպում․ «Կոչ են անում չվերադառնալ Հայաստան, ասում են՝ «էդ վիրուսն էդտեղ պահեք, մի բերեք մեզ էլ վարակեք...»։ Չգիտեմ՝ ինչ ասել, ցավալի է։ Ամեն դեպքում կոչ եմ անում Չինաստանից Հայաստան վերադարձողներին պահպանել անվտանգության կանոնները ու 14 օր խուսափել շփումներից ու մարդաշատ վայրերում հայտնվելուց»,- նշեց մեր հայրենակցուհին։