Այն, որ ՊԵԿ աշխատակիցները, պաշտոն զբաղեցնելով հանդերձ, անթաքույց բիզնեսով են զբաղվում, բազմիցս ենք կոնկրետ օրինակներով գրել։ Այդ հրապարակումները, սակայն, որևէ հետևանք չեն ունեցել՝ այն բացառությամբ, որ այդ պաշտոնյաները ֆեյսբուքյան իրենց էջերից կամ այլ հարթակներից հեռացրել են բիզնեսի սեփականատեր լինելու մասին նշումը։
 
Ըստ մամուլի տեղեկությունների՝ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների գլխավոր հարկային տեսուչ Գոհար Բոստանջյանը նաև «Աննուշա» գեղեցկության սրահի տնօրենն է։  Գոհար Բոստանջյանը նաև հաշվապահական ընկերություն ունի, որը, սակայն, գրանցել է ամուսնու՝ Ստեփան Փաշայանի անունով։ Մամուլը նաև գրել էր, որ ՊԵԿ պաշտոնյաներից մեկն էլ Ռաֆիկ Մաշադյանի աներձագի՝ նաեւ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանի որդին է: 
 
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի պաշտոնական կենսագրությունը նույնպես ուշագրավ է, վերջինի մեջ նշված է․ «Փի-Էյջ-Փի փարթնըրզ» ՓԲԸ-ի գործընկեր։ Սա նշանակում է, որ նա այսօր էլ «Փի-Էյջ-Փի փարթնըրզ» ՓԲԸ-ի բաժնետերերից է։ Ինքը՝ նախարարը, եւս չի ժխտում այս փաստը։ «Ես հանդիսանում եմ «Փի-Էյջ-Փի փարթնըրզ» ՓԲԸ (աուդիտորական, հաշվապահական եւ հարկային խորհրդատվական ծառայություններ մատուցող) ընկերության հիմնադիր բաժնետերերից մեկը եւ այսօր էլ ունեմ այնտեղ 15 տոկոս բաժնեմասնակցություն՝ տրված հավատարմային կառավարման։ Այս ընկերությունը որեւէ մութ պատմությունների կամ օֆշորային սկանդալների մասնակից չէ»,- իր ՖԲ էջի միջոցով հայտնել է Դավիթ Անանյանը, հունիսի 21-ին։ Բաժնետերերի ամբողջական ցանկը պետռեգիստրի հանրային հասանելիության գոտում նշված չէ, փակ ինֆորմացիա է։ Ի դեպ, տարիներ առաջ մարդկանց պարտադրված պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերից մեկի՝ «Կապիտալ Ասեթ Մե­նեջմենթ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը՝ Հովհաննես Պետրոսյանը, միաժամանակ նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին պատկանող «Փի- էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադրման նախաձեռնողն է, հիմնադիր բաժնետերերից մեկը, ինչպես նաև ընկերու­թյան տնօրենը: Ի դեպ, 2019-ին «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստացել է «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր:
 
 
 

Մինչ այդ, Հովհաննես Պետրոսյանը «Քեյ- Փի-էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի ավագ մենեջերն էր և  ղեկա­վարել է հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների բաժինը: Իսկ մինչ այդ էլ ղեկավարել է ֆինանս­ների և էկոնոմիկայի նախա­րարության հաշվապահական հաշվառում և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վար­չությունը: 

 
 
 
 
Վերջին օրերին շատ է շրջանառվում ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի և նախկին փոխնախագահ Արա Գաբրիելյանի «համատեղ բիզնեսի» մասին լուրը։ Ըստ այդ տեղեկատվության՝ «Ուրբան» մաքսային տերմինալը և Արարատյան մաքսատանը գործող 3-րդ ձևակերպման բաժինը փակվել են, և դրանց գործառույթներն իրականացնելու է նոր հիմնադրված «Յունիսերվ» ՍՊԸ-ն, որի հետևում էլ կանգնած են Արա Գաբրիելյանն ու Շուշանիկ Ներսիսյանը: Ըստ էլեկտրոնային ռեգիստրի՝ «Յունիսերվ» ՍՊԸ-ն անցած տարվա նոյեմբերի 1-ին հիմնադրվել է Արա Գաբրիելյանի կողմից։ 
 
 
Մամուլում նաև տեղեկություն էր հրապարակվել առ այն, որ երբ տնտեսվարողները ՀԴՄ սարքեր են ձեռք բերում Պետական եկամուտների կոմիտեին առընթեր «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակից», տեղի մասնագետները նրանց ուղղորդում են սարքի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել «Սմարթ սոլուշնս» ընկերության հետ:
 
Այս ընկերության սեփականատերերը փոխկապակցվում են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Բաժնետերերից մեկը բժիշկ է, մյուսը՝ ռեստորանի մենեջեր: Ինչպես կարելի է հասկանալ, երկուսն էլ բավական հեռու են ՀԴՄ բիզնեսից: