2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում տնտեսական մենաշնորհներ այլևս չեն լինելու, և յուրաքանչյուրն անարգել կարող է ներմուծել այն ապրանքատեսակները, որոնք կցանկանա։ Ավելի ուշ՝ 2019-ի սկզբին, ամփոփելով 2018 թվականի արդյունքները, կառավարությունը զեկուցեց, որ մենաշնորհների դեմ պայքարի արդյունքում շուկայում կրճատվել է բենզինի ներմուծմամբ զբաղվող ամենախոշոր ընկերության մասնաբաժինը՝ 43 տոկոսից նվազելով 29 տոկոսի։
2018 թվականին բենզինի ամենախոշոր ներմուծողը «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն էր, որը զբաղեցնում էր շուկայի 58,2 տոկոսը։ Հաջորդը «Ֆլեշ» ՍՊԸ-ն էր՝ 33,5 տոկոս մասնաբաժնով։ 2019 թվականին ևս՝ Հայաստան բենզին ներմուծող ընկերությունները հինգն էին՝ «Ֆլեշ»ՍՊԸ-ն, «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ն, «Սիփիէս օիլ» ՍՊԸ-ն, «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն և «Պլատինում օյլ» ՍՊԸ-ն։
2018 թվականի որոշ ներմուծողներ 2019-ին դադարել են բենզին ներմուծել, փոխարենը՝ շուկա են մտել նոր խաղացողներ, որոնք, չնայած նոր են այս շուկայում, սակայն այնքան էլ անհայտ անուններ չունեն։
Շուկա է վերադարձել նախկին հանրապետական պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդուն՝ Էդգար Փամբուկյանին պատկանող «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ն, որի տնօրենը Պատրիկ Աճեմյանն է, իսկ որպես ընկերության բաժնետեր պետական ռեգիստրի թղթերում գրանցված է Կարեն Ախվերդյանը։
2019-ին դիզվառելիքի շուկա է մտել «Մեսման ՍՊԸ-ն։ Ընկերությունը հիմնվել է 2019-ին, միակ բաժնետերը Մեսրոպ Մանրիկյանն է։
2019-ին դիզվառելիքի շուկա է մուտք գործել «Գազօյլ» ընկերությունը, որի սեփականատերը Ռոման Մուրադյանն է, ով եղել է նաև «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու: Պետռեգիստրում, սակայն, ընկերությունը գրանցված է այլ անձի անունով:
Դիզվառելիք ներմուծող մյուս ընկերությունը «Վառօյլ» ՍՊԸ-ն է, որը հիմնվել է 2018-ին։ «Վառօյլի» միակ մասնակիցը Ռոբերտ Մանուկյանն է։ Վերջինս 2017-2018 թթ. հանդիսացել է «Զարզանդ Սարոյան» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը։
2018-ին հիմնվել է դիզվառելիքի ներմուծմամբ զբաղվող «ԱԳ իմպեքս» ՍՊԸ-ն, որի միակ բաժնետերը Սաթենի Պապյանն է, իսկ ընկերությունը գործունություն է իրականացնում Սյունիքի մարզում։ Սաթենի Պապյանը Մեղրիի նախկին փոխքաղաքապետ, իսկ հետագայում խոշորացված Ագարակի վարչական ղեկավար Գևորգ Խաչատրյանի կինն է։
Դիզվառելիք ներմուծող ընկերություններից են նաև «Լիմոն գրուպ» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը Երևանի բնակիչ Գևորգ Դանիելյանն է:
«Գոլդբլեք նեվտ» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը Արարատի բնակիչ Նժդեհ Տեր-Մկրտչյանն է։