Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, ՀՀԿ անդամ Կամո Հովհաննիսյանը վստահ չէ, որ 2013թ.-ի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանը հաղթել է ձայների այն հարաբերակցությամբ, որը հրապարակվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

«Ես չեմ կարող ասել, որ կեղծիքներ ընդհանրապես չեն եղել, ինչ-որ բաներ եղել են: Բայց նաև չեմ կարող ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայներ է հավաքել, քան նախագահ Սերժ Սարգսյանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կամո Հովհաննիսյանը: Մեր այն հարցին, թե համոզվա՞ծ եք, որ Սերժ Սարգսյանը հաղթել է ձայների այդ հարաբերակցությամբ, ՀՀԿ անդամը պատասխանեց. «Միգուցե այդ հարաբերակցությամբ չէ, բայց համոզված եմ, որ հաղթել է Սերժ Սարգսյանը»:

Նա ասաց, որ հաճախ է լինում Ազատության հրապարակում, հացադուլի ընթացքում նույնպես տեսնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, զրուցել է, հարցրել է որպիսությունը: «Մենք բոլորս հայ ժողովրդի զավակներն ենք, և պետք է աշխատենք միասնական լինել: Չեմ ուզենա, որ մեծ անջրպետ լինի: Մարդիկ կարող են գաղափարական տարբերություններ ունենալ, բայց ես չեմ ցանկանա՝ թշնամիներին այնպիսի թեմա տանք, որ ասեն' Հայաստանը կործանվում է»,- ասաց Կամո Հովհաննիսյանը: Նա համոզմունք հայտնեց' եթե Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև շարունակվի երկխոսությունը, սակայն ոչ թե նամակագրության ձևով, այլ դեմ առ դեմ հանդիպման տարբերակով, լուծումն անպայման կգտնվի:

Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանն ընդգրկված է մայիսի 5-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: