«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Պանդեմիան արագացրեց ֆինանսական դժվարությունը, որը կանխատեսում էինք»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա բնորոշմամբ՝ հատկապես զարգացած երկրները որոշակի պատասխանատվություն ունեն աշխարհում տիրող աղքատության, սովի, միգրացիոն ճգնաժամի եւ այլ սպառնալիքների համար. «Որովհետեւ զարգացած երկրներում շատ եսակենտրոն զարգացում է նկատվում, որքան էլ նրանք խոսեն մարդասիրական օգնության, ազատ տեղաշարժի, աշխատուժի, տեխնոլոգիաների, ֆինանսական միջոցների եւ այլնի մասին: Այնուամենայնիվ, ինքներդ եք տեսնում, որ իրականում միշտ չէ, որ այդպես է, հատկապես բարձր տեխնոլոգիաներ երբեք նրանք չեն զիջի, նույնիսկ ամենաբարձր գնով չեն համաձայնի վաճառել զարգացող երկրներին:
Աշխատուժի մասով՝ իրենք կլանում են այն աշխատուժը, որը որակյալ է՝ առաջարկելով շատ ավելի գրավիչ պայմաններ, եւ դա է պատճառը, որ նաեւ ուղեղների արտահոսք է նկատվում զարգացող երկրներից»: