Այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը խոսեց ՀՀ ոստիկանության գործողությունների մասին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: ԼՈՒՐԵՐ.com-ի հարցին, թե մարդկանց տեղաշարժման սահմանափակումը շարունակում է խնդիրներ առաջացնել և կան հարցեր, որոնք այդպես էլ հստակեցված չեն: Օրինակ, օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ նշվում էր, որ Երևանում գործունեություն ծավալող տաքսու վարորդը կարող է ուղևոր տեղափոխել միայն Երևանում, գորիսեցի վարորդը՝ Գորիսում: Քաղաքացին հարց էր բարձրացնում՝ ինչպե՞ս ինքը գտնի գորիսեցի վարորդի, որ կարողանա տեղափոխվել Գորիս, եթե երևանցի վարորդին թույլ չեն տալիս երթևեկել Երևան քաղաքի տարածքից դուրս: Մեր հարցի ի պատասխպան՝ փոխոստիկանապետն ասաց, որ դրանք հատուկենտ դեպքեր են, որոնց մասին իրենք տեղյակ չեն, սակայն նշեց, որ տաքսիների հետ կապված կարգավորումները տրված են պարետի որոշումներով: