Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որեւէ բան ասել այդ հարցի մասին, երբ անհրաժեշտություն լինի, անպայման կասեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի հայտնի հայտարարության եւ դրանից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին: Հարցին, թե արդյոք հարիր է ԱԺ փոխնախագահին նման ձեւով խոսել հոգեւոր առաջնորդի մասին, Արարատ Միրզոյանն ասաց. «Եթե սկսենք խոսել, թե ում ինչ է հարիր, շատ ասելիք կլինի: Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որեւէ բան ասել: Սա չի նշանակում, որ ասելիք չկա, պարզապես ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին»: Հարցին, թե Կաթողիկոսի հայտարարության մեջ աշխարհիկ գործերին միջամտություն տեսնո՞ւմ է, նա արձագանքեց. «Այո, պետությունը եւ Եկեղեցին անջատ են եւ պետք է չխառնվեն իրար ներքին գործերին: Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ կաթողիկոսը եւս ՀՀ քաղաքացի է եւ ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ՀՀ մյուս քաղաքացիները»:Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն կարեւոր էր համարել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը, իսկ Ալեն Սիմոնյանը հիշեցրել էր, որ հանրությունը ժամանակին պահանջում էր նաեւ կաթողիոսի հրաժարականը: