Այսօր՝ ապրիլի 20-ին, Հյուսիսային Օսեթիայի Վլադիկավկազ քաղաքի Ազատության հրապարակում մոտ 700 ցուցարար մասնակցել է չարտոնված հավաքի՝ պահանջելով տեղական ինքնակառավարման մարմինների հրաժարականը: Ցուցարարները բողոքում են տարածաշրջանում ներդրված ինքնամեկուսացման ռեժիմի պատճառով աշխատատեղերի կորստից, ինչպես նաև տարածաշրջանում կորոնավիրուսային իրավիճակի մասին բավարար չափով տեղեկացված չլինելուց։ Հանրահավաքին ներկա էին մեծ թվով ոստիկաններ և Ռուսաստանի գվարդիայի մարտիկներ: Կառավարության շենքը շրջապատել էր գրոհային ոստիկանությունը: Կոչով հանդես է եկել երկրի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովը: Իր հերթին, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն և Պետդումայի պատգամավոր Արթուր Թայմազովը կորոնավիրուսին ու նրա սպառնալիքներին լուրջ վերաբերվելու կոչով դիմել է ցուցարարներին։
«Ես գնացել եմ հրապարակ, զրուցել եմ մարդկանց հետ: Երբ մենք խոսում էինք կորոնավիրուսային համաճարակի մասին, չգիտես ինչու, դա շարժում էր մարդկանց ծիծաղը: Սա իսկապես մեծ խնդիր է, դժբախտություն, որը կատարվում է ամբողջ աշխարհում, բայց ես չէի ցանկանա այս դժբախտությունը թեկուզ չնչին առնչություն ունենար մեր երկրի հետ: Այսօր ես ուզում եմ դիմել երիտասարդներին, որպեսզի նրանք հոգ տանեն իրենց ծնողների մասին, իրենց տատիկների և պապիկների մասին, քանի որ այսօր մեր մեծերը ռիսկի գոտում են», - ասում է Արթուր Թայմազովը:
Հյուսիսային Օսեթիայում արձանագրվել է կորոնավիրուսի 145 դեպք, վերականգնվել է 8 մարդ, 2-ը մահացել է: