Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը» գրությունը շարունակում է կրքեր բորբոքել Թուրքիայում։
Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։ Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ պարզաբանում ստանալու նպատակով դիմել են Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը։
Այժմ էլ Թուրքիայում Ասլան Նեֆերլեր կեղծանվամբ ներկայացող թուրքական ցանցահեննների խումբը Twitter-ում հայտարարություն է տարածել, որ իրենց կիբեռ հարձակման թիրախում հայտնվել են Չինաստանի մի շարք հաստատությունների կայքէջեր։
Գրառման մեջ նշվել է, որ նրանք կոտրել են նաև Չինաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջը (en.moj.gov.cn)՝ խափանելով դրա գործունեությունը։
«Կրկին այցելեցինք Չինաստանի արդարադատության նախարարություն։ Խափանեցինք այն։ Կորոնավիրուսի հարցում խաբեցիք աշխարհին և կեղեքումների ենթարկեցիք ույղուր թյուրքերին։ Մենք էլ ձեզ այցի եկանք»,-ասվում է գրառման մեջ։