Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը:

«Հիվանդին տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, նա մոտ 40 տարեկան տղամարդ է: Ընտանիքի 4 անդամներին մեկուսացրել են Ծաղկաձորում»,-ասաց նա:

Անդրեասյանը նաև նշեց, որ հիվանդը շինարար է և այս ընթացքում աշխատել է Սպիտակ քաղաքում. «Հստակ չեմ կարող ասել, բայց գուցե այնտեղ է վարակվել կորոնավիրուսով: Կարծեմ՝ այնտեղ հուղարկավորության արարողության է մասնակցել, թեպետ հարազատներ չունի»:

Մեր այն հարցին, թե ընտանիքի անդամները ևս թեստավորվել են, համայնքապետը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ տեղեկատվության չի տիրապետում:

Ուրցաձորի համայնքապետը տեղեկացրեց, որ բնակիչները պահպանում են տանից դուրս չգալու հորդորները. «Դասեր չկան, իր երեխաները դասի չեն գնացել, ոչ ոքի հետ չեն շփվել: Համայնքում դադարել է շարժը: Հուսով եմ, որ վարակն այդ պատճառով տարածված չի լինի»: