Տրանսպորտը ախտահանվում Է Երեւանի քաղաքապետարանի կողմից, իսկ ախտահանիչ նյութերն ու դիմակները ձեռք են բերում գիծը շահագործող ընկերությունները: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ասուլիսում ասաց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Հակոբյանը:

Դիտարկմանը, որ արդեն հիմա կան բողոքներ, որ վարորդները դիմակները կրում են կզակի տակ, ձեռնոցները չեն փոխում, նա արձագանքեց. «Մենք չունենք այնքան մարդկային ռեսուրսներ, որ վերահսկողություն իրականացնենք 800 Գազելների ու 300-ից ավելի ավտոբուսների շրջանում: Այդ պատճառով կխնդրեի քաղաքացիներին, որ եթե տեսնում են, որ մի բան սխալ է արվում, հորդորել ուղղել սխալը: Միմյանց վերսհակողությունը մեծ ազդեցություն կունենա»:

Անդրադառնալով այն հարցին, թե քիչ ուղեւորահոսքի պարագայում արդյոք չի քննարկվում վարորդների վրա դրված օրական պլանը նվազեցնելու հարցը, փոխքաղաքապետն ասաց. «Մասնավոր կազմակերպություններն իրենք են որոշում իրենց գործունեության հետ կապված սահմանաչափերը: Այսօր օրվա վերջում կամփոփենք, դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվենք, քանի որ ուղեւորահոսքը բավականին քիչ է: Պետք է հասկանանք, թե ինչպես պետք է Երեւանում շահագործվեն թե մասնավոր ուղեւորագծերը, թե համայնքի եղած գծերը, քանի որ շահութաբերություն չկա»: