Հայաստանի Առաջին Հանրապետության 102-րդ ամյակի առթիվ Սարդարապատի հուշահամալիր այցելելու հնարավորություն ունեն միմիայն իշխանական թիմի ներկայացուցիչներ: Այս հանգամանքը դժգոհություն է առաջացրել մյուս քաղաքական ուժերի մոտ: Մասնավորապես, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար: Քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե մեկ ներկայացուցիչ ուղարկել հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին»,- գրել է նա: Չնայած դրան, ԼՀԿ ղեկավարն այլընտրանք է գտել՝ կուսակցության անդամներն ու ԱԺ պատգամավորները օրվա առիթով ծաղիկներ են խոնարհել Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված «Կոտրած եկեղեցի» հուշակոթողին։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ միայն նոր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք ունեն այցելել պետական միջոցառումների: Նույնը եղավ նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը՝ ապրիլի 24-ին, ինչպես նաև Մայիսի 9-ի տոնակատարությանը, ինչը ևս ընդդիմադիրների մոտ դժգոհության ալիք էր բարձրացրել: Վերջիններս անգամ առաջարկել էին խորհրդարանական ուժերից մեկական անձի թույլ տալ մասնակցել միջոցառումների, բայց փաստորեն իշխանության դիրքորոշումը չի փոխվել. խուսափում են մարդկանց կուտակումներից կորոնաավիրուսի համաճարակի պատճառով: