ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցությունը  միաձայն կողմ քվերակեց նախագծին, իսկ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին նիստը՝ չմասնակցելով դրան։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն ասաց, որ նախկինում բազմիցս ասել են, որ ԱԺ-ով հասնել Սահմանադրական փոփոխությունների չի կարելի, սակայն իշխանական թիմի պատգամավորներն ունեցել են իրենց փաստարկները։ «Ժամանակը ցույց կտա՝ հետո ինչ կլինի, քանի որ ցանկացած քայլ հետագայում ունենում է հետևանքներ և, եթե կան գործողություններ, որոնք խախտումներով են եղել, ապա դրա համար պատասխանատվություն պետք է լինի»,- նշեց նա։

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իշխանական թիմի ներկայացուցիչները հարցի շուրջ քննարկում չեն ունեցել իրենց, իսկ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ ընդդիմադիրները կարող էին ներկայանալ նիստին և իրենց դիրքորոշումը հայտնել ԱԺ ամբիոնից ելույթներով։ Հարցին՝ չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ կլիներ մասնակցել նիստին․ «Մեր դիրքորոշումները մենք հայտնել էին, նոր բան չկար ասելու։ Բացի այդ, օրենքի մեջ փոփոխություններ կատարելու համար պետք է լինեին հանրային քննարկումներ, ինչի համար ժամանակ էր պետք, ոչ թե առավոտյան արթնանան ու հայտարարեն՝ վայ գիտեք, Սահմանադրությունը պետք է փոփոխենք։ Այդպես չպետք է անել, սա մայր օրենքն է և տպավորություն է, թե իշխանությունը չի մտածում այդ մասին, այն մտքին է, թե իրենք երբ, ինչ ուզեն կարող են անել, որի պատկեը տեսնում ենք այսօր»,- ասաց Եղիազարյանը։

Ըստ տեղեկությունների՝ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն իսկ համաձայնության է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և վերջինս չի վիճարկելու նշված պրոցեսի սահմանադրականությունը, բայց նաև չի ստորագրելու համապատասխան նախագիծը։ Դրանից հետո համապատասխան փոփոխությունը ստորագրվելու է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից։ Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ նման սցենար տեսնո՞ւմ է, թե ոչ․ «Եթե լինի այդ ժամանակ կքննարկենք, կհասկանանք, քանի որ այսօր ամեն բան անկանխատեսելի է և չեմ պատկերացնույմ, թե իշխանությունը վաղը ինչ որոշում կարող է ունենալ և որ ուղղությամբ կարող է գնալ»,- նշեց Եղիազարյանը՝ նշելով, որ այս իշխանությունը միանձյա որոշումներ է կայացնում։