Ընդամենը մեկ ամիս առաջ, երբ հանրության ուշադրության կենտրոնում էր գտնվում Հայաստանի քաղավիացիայի ձախողումը և ՀՀ ավիափոխադրողների ԵՄ սև ցուցակում հայտնվելը, խնդրին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, հրահանգել էր քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին երկու շաբաթվա ընթացքում մշակել ոլորտի բարեփոխման ծրագիր: Իհարկե, ժամկետները դեռևս այն ժամանակ տարակուսելի թվացին՝ երկու տարում հետևողականորեն քանդածը երկու շաբաթում վերականգնելը, թերևս, բարդ խնդիր է: Ինչպես և սպասվում էր՝ կոմիտեին այդ խնդիրը մինչ օրս ամբողջությամբ չի լուծել, քանի որ որևէ նորություն բարեփոխված ծրագրից չկա: Ստացվում է՝ կոմիտեի ղեկավարությունը ականջի հետև է գցել վարչապետի հրահանգը, մինչդեռ այսօր, երբ Հայաստանը փաստացի պատերազմական վիճակում է, քաղավիացիայի ոլորտի զարգացման նոր պլանի մշակումը ազգային անվտանգության հարց է:

 

Բացի ոլորտի բարեփոխման ծրագիր մշակելուց, կոմիտեի ղեկավարը մոռացել է նաև իր կողմից տրված երկու կարևորագույն խոստումները կամ, եթե կուզեք՝ ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին, սակայն այդպես էլ մնացին որպես բաժակաճառ:

Տաթևիկ Ռևազյանը, ինչպես գիտենք, խոստացել էր ակտիվորեն զարգացնել ավիացիոն շուկան: ԵՄ սև ցուցակում մեր ավիաընկերությունների հայտնվելը արդյո՞ք կարելի է համարել այս խոստման իրագործում: Կամ այն, որ այս ընթացքում շուկայում որևէ լուրջ և նշանակալի փոփոխություններ տեղի չեն ունեցել, նոր խաղացողներ որպես այդպիսին շուկա մուտք չեն գործել:

Պետք է որ արդեն լուծված լիներ նաև ազգային ավիափոխադրողի հարցը, սակայն, արի ու տես, մենք մինչ օրս չունենք ազգային ավիափոխադրող, քանի որ քաղավիացիայի կոմիտեն նպատակահարմար չի գտնում այդ ծրագիրը կյանքի կոչել: