Այսօր վաղ առավոտից ոստիկանները հսկում են դեպի Հարթագյուղ (Ղալթախչի) տանող ճանապարհը: Մարդիկ տարբեր գյուղերից հասել են Լոռու մարզ` Սուրբ Հովհաննես մատուռ գնալու նպատակով:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հաղորդմամբ՝ ոստիկանները թույլ չեն տալիս մարդկանց այցելել սրբատեղի՝ պատճառաբանելով, թե շաբաթ-կիրակի չի թույլատրվում մատուռ բարձրանալ, որովհետև կուտակումներ են լինում, իսկ իրենք հետևում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Փաստացի, ստացվում է՝ նրանք միայն շաբաթ և կիրակի են պահում Պարետի կողմից սահմանված կանոնները: Մատուռ բարձրանալ չթույլատրելու մասին համացանցում չկա որևէ հայտարարություն, իսկ այդ դեպքում մարդիկ ինչպե՞ս իմանան, որ այս երկու օրերին դեպի մատուռ այցն արգելված է, և այդքան ճանապարհ չկտրեն, անցնեն:
Թեև ոստիկանները մի քանի խմբերով հսկում են և չեն թողնում նույնիսկ գյուղ մտնել, տարբեր մարդիկ առաջարկում են իրենց ծառայությունները, այն է` 10000 դրամի դիմաց իրենց մեքենաներով մատուռ հասցնել մարդկանց այլ ճանապարհով՝ իհարկե, ոստիկաններից գաղտնի: Մի՞թե ոստիկաններն այդ ամենը չեն տեսնում, մարդիկ վերադարձվու՞մ են, թե ի վերջո կարողանում են բարձրանալ:
Եվ ինչ է ստացվում՝ հանգստյան օրերին սրճարանների մուտքն ազատ է, իսկ սրբատեղի գնալ չի թույլատրվում...
Արփինե Հակոբյան