Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Չինաստանի մասնագետներն աշխարհում առաջինն են անցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ՝ եզրափակիչ փուլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին հայտնել է «Ալ Արաբիա» համարաբական հեռուստաալիքը:

«Աբու Դաբիում բազավորված G42 ընկերությունը Sinopharm CNBG (չինական ընկերության) հետ համագործակցությամբ փորձարկում կանցկացնի Աբու Դաբիի առողջապահության դեպարտամենտի և առողջապահության նախարարության ղեկավարությամբ»,- ասվում է G42-ի հայտարարության մեջ:

Այդ գործընկերությունը կօգնի պատվաստանյութից արագորեն օգտվելու հնարավորություն ընձեռել ԱՄԷ-ի բնակիչներին՝ հաշվի առնելով դրա արտադրությունը Աբու Դաբիում»,- նշվում է հայտարարության մեջ:

Հունիսին հայտնի էր դարձել, որ CNBG-ն պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլն է անցկացնելու ԱՄԷ-ում:

Արևմտյան ԶԼՄ-ներն այն ժամանակ նշել էին, որ փորձարկումների երրորդ փուլի համար պահանջվում են հազարավոր մասնակիցներ, իսկ հետազոտությունը պետք է կատարվի այն երկրում, որտեղ վիրուսը լայնորեն տարածված է, այսինքն՝ բնական միջավայրում: CNBG-ում ավելի ուշ հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ իր կողմից մշակված միանգամից երկու պատվաստանյութերը հաջող արդյունքներ են արձանագրում:

ԶԼՄ-ները նշել են, որ Չինաստանը, որտեղ հավանության է արժանացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի միանգամից ութ նախատիպերի մշակումը, դեռևս աշխարհում այդ ոլորտի առաջատարն է: