Միխեյիլ Սահակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տարածաշրջանում խաղաղության սպառնալիքը անհանգստացնում է բոլորին․ «Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բախումները անհանգստացնում են բոլոր նրանց, ում համար կարևոր է խաղաղությունը մեր տարածաշրջանում և մեր ժողովուրդների բարեկեցությունը: Այսօր ավելի մեծ արժեք չկա: Այդ պատճառով ես մեծ մտահոգությամբ եմ հետևում մարդկային զոհաբերությանը և իրավիճակի սրմանը»: Ըստ Սահակաշվիլիի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հանրապետության ինքնիշխան տարածք է, և այս փաստը ոչինչ չի փոխի։ «Իմ դիրքորոշումը միանշանակ է և հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ինչը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հանրապետության ինքնիշխան տարածք է, և այս փաստը ոչինչ չի փոխի։ Միևնույն ժամանակ վեճը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր ոք, ով վտարվել է տարածաշրջանից, իրավունք ունի վերադառնալու իր տները, և ով արդեն այնտեղ է բնակվում, ունի խաղաղ ապրելու իրավունք, և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն:
Վրաստանը շահագրգռված է Կովկասի երեք ժողովուրդների եղբայրական և բարեկամական հարաբերությունների մեջ: Մեր ապագան պետք է նման լինի մերձբալթյան երեք երկրների հարաբերություններին: Միայն արտաքին ուժերն են շահագրգռված մեզ բաժանելու և մեզ վրա գերիշխելու մեջ: Մենք չպետք է թույլ տանք, որ նրանք դա անեն»,֊գրել է Սահակաշվիլին: