Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմում: Այս մասին նախարարն ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում:

«Ղարաբաղյան հակամարտությունն այս պահին շատ լուրջ է, այդ պատճառով է, որ մեր քաղաքական համախմբումն էլ շատ ամուր է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել' կոչ անելով կողմերին հրադադարի, քանի որ մեծաթիվ քաղաքացիական զոհեր կան»,- ասել է Ժան Իվ Լը Դրիանը՝ հստակ ընդգծելով, որ Ադրբեջանն է սկսել գործողությունները:

ԱԳ նախարարի խոսքով՝ կողմերից յուրաքանչյուրը պետք է շահագրգռված լինի առանց նախապայմանների հրադադարի հաստատման հարցում: «Չի կարելի այսպես' «մենք ուզում ենք հրադադար, բայց...», դա չի լինելու: Դադարեցվում է կրակը, սկսվում են բանակցություններ, որպեսզի համաձայնության հասնեն կոնկրետ իրավիճակի շուրջ, որը թույլ կտա կողմերին նորմալ ապրել»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը' հիշեցնելով օրեր առաջ Ադրբեջանի առաջադրած նախապայմանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հոկտեմբերի 7-ին հայտարարել էր նաև, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից ռազմական միջամտություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններում, ինչը սպառնում է միջազգայնացնել հակամարտությունը: