Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու շուրջ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին: Հակասությունները կապված են թուրքական կողմի`մեկ միասնական համակարգող կենտրոնից դիտորդական կետ բացելու ցանկության հետ: Reuters գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև համատեղ դիտորդական առաքելության պարամետրերի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այնուամենայնիվ, Անկարան պնդում է ստեղծել սեփական դիտորդական կետ՝ անկախ դիտարկման միասնական կենտրոնից: «Ռուսաստանը կարծում է, որ անհրաժեշտ չէ, որպեսզի Թուրքիան դիտակետ դնի տարածաշրջանում՝ անկախ միասնական կենտրոնից: Սակայն դա Թուրքիայի համար հիմնարար սկզբունք է», - թուրքական կողմից զրուցակցին մեջբերում  է գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում, և Թուրքիան հույսը դնում է փոխզիջումային լուծման վրա: