Կամո Մինասյանը (Վարդենիսցի Մոշ) իր վրա է վերցրել ականանետից արձակած արկի հարվածը՝ մարմնով փակելով երկու ժամկետային զինծառայողի և փրկելով նրանց կյանքը:
«Քարվաճառում էր ծառայում, շատ լավ տիրապետում էր ռազմական գործին, յուրաքանչյուր զենքի ձայն տարբերակում էր, արկի ձայնն էլ բացառություն չէր. սակայն պատերազմի ժամանակ հրամանատարին այդպես էլ չհաջողվեց զինվորներին տալ «պառկե՛ք կամ փախե՛ք» հրամանը, փոխարենը՝ առանց մեկ վայրկյան վարանելու, պատնեշ դարձավ զինվորների համար»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Կամոյի կինը՝ Անուշիկ Բադեյանը:
Ամբողջ մտքով ու հոգով ծառայությանը նվիրված Վարդենիսցի Մոշը սեպտեմբերի 27-ին՝ արձակուրդով պայմանավորված, տանն էր, բայց կինը հիշում է, թե ինչպես զարթնեց ԱԹՍ-ի ձայնից, առանց հրաժեշտի՝ գնաց ռազմաճակատ. «Շատ արագ պարզեց՝ ինչ էր կատարվում սահմանին, արագ-արագ հագնվեց, այլայլված դուրս եկավ տնից, այդպես էլ այլևս չտեսանք նրան: Երեկոյան խոսեցինք, ամեն ինչ կարգին էր, լավ էր: Ամեն առավոտ ու երեկո զանգում էր, ասում էր՝ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է. Կամոն այդպես էր ասում, նույնիսկ, ծայրահեղ իրավիճակներում ու երբեք չէր դժգոհում»:
14 տարի միասին ապրած զույգը միմյանց լավ էր հասկանում, Անուշիկն ասում է՝ Կամոն ազնիվ էր, բարի ու չափազանց անվախ. «Իր անվախությունից ես էի վախենում, թե՛ առօրյայում, թե՛ կյանքում ոչ մի բանից չէր վախենում, ցանկացած դժվարություն հաղթահարում էր։ Կարեկցող էր, դիմացինի համար, անգամ, իր կյանքը կտար ու տվեց...»:
Կամոն ունի 3 երեխա, նրանց համար անթերի հայր ու ընկեր է եղել: 18 տարի կյանքը նվիրել է զինվորական գործին, հերոսի համար առաջնայինը հայրենիքն է եղել, հետո՝ ընտանիքը:
Կինն ասում է՝ չի դժգոհել դրանից, որովհետև ամուսնուն շատ էր սազում զինվորական աշխատանքը. «Զինվորական համազգեստն էլ աչքերի գույնի հետ էր համահունչ, ես առաջին անգամ իրեն հենց այդպես եմ տեսել ու սիրահարվել»,- հուզմունքով վերհիշում է Անուշիկը:
36-ամյա հերոս Վարդենիսցի Մոշը ենթասպա է եղել, այնուհետև՝ դիրքի հրամանատար: