Էջմիածնի զորամասի մոտ գիշերող անհետ կորած զինծառայողների ծնողները երեկ ուշ երեկոյան տուն են գնացել: Ծնողներից Անահիտ Ադոյանը «Շանթնյուզին» փոխանցեց, որ տուն են գնացել՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու թույլտվության համապատասխան փաստաթուղթը տեսնելուց հետո միայն:
«Զորամասի հրամանատարը մեր պահանջով արդեն Ստեփանակերտում է, միացել է որոնողական աշխատանքներ իրականացնող խմբին: Հիմա վստահ ենք, որ մեր որդիների որոնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը արդյունավետ կլինեն»,-նշեց Անահիտ Ադոյանը:
Հիշեցնենք, որ Էջմիածնի զորամասերից մեկից Զանգելանի տարածք մարտական գործողությունների մեկնած և մինչ օրս անհետ կորած էին համարվում 41 զինծառայողներ: Նրանցից մեկն արդեն Հայաստանում է, Ադրբեջանում էր գերու կարգավիճակով։ Ծնողները վստահեցնում են, որ այդ խմբից ևս 22 տղաներ դարձյալ Ադրբեջանում են՝ գերության մեջ, հարազատները նրանց տեսել են համացանցում տարածված տեսանյութերում: Իսկ 18 զինծառայողներից ընդհանրապես տեղեկություններ չունեն արդեն 83 օր։ Ծնողները պարբերաբար իրականացնում են բողոքի ակցիաներ, դիմում տարբեր գերատեսչությունների՝ անհետ կորած իրենց որդիների վերաբերյալ հստակ տեղեկություններ ունենալու նպատակով:
Ստեփանակերտում դեկտեմբերից որոնողական խմբեր են ստեղծվել, որոնցում նաև իրենցից ներկայացուցիչներ կան: Սակայն Ամանորի նախաշեմին զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը հեռացել էր այդ խմբից և վերադարձել Էջմիածին։ Ծնողները զորամասի դիմաց գիշերելով պահանջում էին նաև, որ վերջինս կրկին միանա խմբին, որպեսզի որոնողական աշխատանքներն առավել ակտիվ շարունակվեն։ Նրանց այդ պահանջը զորամասի հրամանատարը երեկ կատարեց՝ կրկին մեկնելով Արցախ: