Հաշվի առնելով, որ պաշտոնյաների մասնակցությամբ վերջին շրջանում տարատեսակ կրիմինալ դեպքերը դարձել են սովորական երևույթ' ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք, որում զետեղված կլինեն թավշյա պաշտոնյաների հետ տեղի ունեցած սկանդալային դեպքերը, որոնցից հետո, սակայն, վերջիններս այսպես ասած՝ ջրից չոր են դուրս եկել:

Դիցուք՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը: 2019 -ի սեպտեմբերի 18-ի Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել, որի շրջանակներում շատ բուռն կերպով քննարկվում է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցության հարցը: Դեպքից հետո Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է գործով մեղադրյալ, մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանը' Արարատ Գրիգորյանը, որը պաշտոնը ստանձնելու օրը կառավարությունում հայտարարեց, որ ալևս չի պաշտպանելու Գրիգորյանի շահերը։

Տարօրինակ է, որ 4 զինծառայողների կողմից տրված այն ցուցմունքները, ըստ որոնց' Տրդատ Սարգսյանը ոչ միայն ներկա է եղել միջադեպին, այլ նաև ակտիվ մասնակցություն է ունեցել, անտեսվել են նախաքննության մարմինների կողմից, իսկ Տրդատ Սարգսյանի առնչությունը դեպքի հետ՝ հերքվել: Բնականաբար, փաստերի այսպիսի դասավորվածության պայմաններում դժվար է հավատալ, որ նախաքննության մարմինների գործողությունները իրոք օբյեկտիվ և անաչառ են եղել և միտված չեն կանխակալ վերաբերմունք ցուցաբերելուն:

Այսքանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար։