Լոռու մարզի Քարաձոր գյուղում բերքի 80 տոկոսը ավերվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քարաձորի գյուղապետ Հրանուշ Ռոստոմյանը։
Նա ասաց, որ դեռ կապ չի հաստատել մարզպետի հետ, այսօր պետք է դիմի մարզպետարան. «Մի ավտոտնակի տանիքը կարկուտի հարվածից ցանց է դարձել։ Այս պահին էլ դաշտում եմ, հաշվում ենք վնասը, որ ուղարկենք մարզպետարան»,- ասաց նա։
Ըստ գյուղապետի՝ դաշտերի 30 տոկոսը վնասվել է. «Հիմնականում գարին ու ցորենն են վնասվել, իսկ գյուղի ծառերն ու բույսերը վնասվել են 80 տոկոսով։ Ձվի չափ կարկուտ էր, ես այդպիսի բան չէի տեսել»,- զարմացած պատմում է Հրանուշ Ռոստոմյանը։
Լոռու մարզի Բազումի գյուղապետ Սրբուհի Հարությունյանն էլ ասաց, որ վնասվել են տնամերձ ցանքատարածությունները. «Վնասվել են ինչպես ծառերը, այնպես էլ կարտոֆիլը, սոխը, սխտորը, վարունգը, պոմիդորը։ Գյուղում, մեծամասամբ, ցանում են վարունգ, կարտոֆիլ, ոլոռ, գազար, ճակընդեղ։ Խոշոր տրամաչափի կարկուտ էր։ Այն վնասել է մի քանի տանիքներ, ավտոմեքենաներ: Այս պահին շրջում ենք տնետուն՝ հասկանալու որքանով են տուժել գյուղացիները»,- ասաց Բազում գյուղի գյուղապետը։