«Մարտի 1-ը դեռ բացահայտված չէ նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ջանքերով, որովհետև գործի այդ հատորները մնացին մեր ժողովրդից անհասանելի»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ ամբիոնից ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Գնացին ՍԴ-ում իրենց սիրելի Հրայր Թովմասյանի և մյուսների աջակցությամբ կարողացան 300.1-ը հանել, կարծես սահմանադրական այդ փոփոխությունը Դավիթ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի կողմից չէր արվել։ Միևնույն է, մարտի 1-ի գործընթացներին մենք նորից անդրադառնալու ենք գուցե այլ դրվագներով»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ ընդդիմադիրների հիշատակումներին, Անդրանիկ Քոչարյանն ասաց.
«Վիգեն Սարգսյան վերադարձի՛ր տուն, որովհետև քո 1000 դրամների ծրագիրը ոնց որ թե նկարագրվեց, որ քո գրպանից է դրվում, այլ ոչ թե մեր ժողովրդի հավաքած ամենամսյա գումարների շնորհիվ։ Միքայել Հարությունյան նորից եմ կրկնում տու՛ն վերադարձեք։ Հրանուշ Հակոբյանի ականջը կանչի։
Պետք է գան, որ լինեն ՀՀ-ում, որովհետև նրանք զբաղեցրել են այնպիսի պաշտոններ, որոնք տնօրինում են շատ մեծ գաղտնիքների և գաղտնիության ժամանակաշրջանն ավարտված չէ։ Նախարարներն օտարության մեջ պետք է չլինեն»,-ասաց պատգամավորը։