Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություններին: Գրիգորյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և՛ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո խոսել է ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղություն ու կայունություն ապահովելու դարաշրջան բացելու մասին:
«Այդ տրամաբանության շրջանակներում մենք նաև պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորենք, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանաբար։ Մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, դրա տրամաբանության շրջանակներում էլ կատարվել են այդ հայտարարությունները և քաղաքական քայլերը»,- ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում այդ համագործակցությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Հայաստանը պիտի ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցից, քանի որ այդ հարցի բարձրացումը վնասակար է լինելու Հայաստանի համար, Արմեն Գրիգորյանն ասաց.
«Շատ կարևոր է հաշվի առնել, որ մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի հետ, եւ պետք է տարանջատում մտցնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններից, եթե այդպիսիք կան»։
Լրագրողի դիտարկմանը, թե թուրքական կողմը խոսում է նախապայմանների մասին, օրինակ, նախիջևանյան միջանցքի մասին, ու հարցին, թե հայկական կողմը ի՞նչ նախապայմաններ է միտված բավարարել, որպեսզի Թուրքիայի հետ երկխոսություն սկսի, Արմեն Գրիգորյանը նշեց.
«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, նույնիսկ մեզնից առաջ՝ նախկին իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև, երբ նախապայմաններ են լինում, դժվար է լինում որևէ հարցում առաջ գնալ։ Եվ մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորում կլինի առանց նախապայմանների։ Բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»,- ընդգծեց Գրիգորյանը: