ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Տվյալագիտության (Data Science/ Analytics)» և «ՏՏ Վաճառքներ (IT Sales)» դասընթացներ:
Հոկտեմբերի 14-ին առաջին փուլով դասընթացներին մասնակցած շուրջ 70 ուսանող ստացավ հավաստագիր Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնում։
Նոր խմբերի ձևավորման համար այս պահին էլ ընթանում են հավաքագրումները, անցկացվում են ընդունելության քննություններ, հարցազրույցներ, որից հետո էլ որոշվում է մասնակիցը կարող է անցնել տվյալագիտության դասընթացը, թե ոչ և որքան կկազմի իր համար պետական համաֆինանսավորումը։
Հավաստագրերի հանձնման արարողության ընթացքում ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանն ասաց, որ այս տարվա ընթացքում պատրաստվում են տվյալագիտության մասնագիտությամբ վերապատրաստել 500 մարդու․ «Ասեմ, որ տվյալագիտությունն ամենապահանջված մասնագիտություններից մեկն է ու ապագայի մասնագիտությունն է։ Դա առկա տվյալների հավաքագրումն է և վերլուծությունը։ Այսպիսի տարածված խոսք կա՝ կարևոր չէ՝ ինչ ինֆորմացիա ունես, կարևորն այն է, թե ինչպես ես դա կարողանում վերլուծել։ Սա շատ լավ հնարավորություն է երիտասարդների համար, ովքեր կարող են տվյալագիտության դասընթացը անցնելով, նոր մասնագիտություն ձեռք բերել և մտնել ՏՏ և դրան հարակից ոլորտներ»։
Թե որքանով են այս մասնագիտությունները պահանջված շուկայում և արդյոք վերապատրաստված մասնագետները կկարողանան աշխատանք գտնել, ըստ Սամվել Գևորգյանի, աշխատանքի տեղավորման հարցում նաև իրենք կաջակցեն իրենց թիմը համալրելու համար։ «Լինելով խորհրդատվական ընկերություն՝ մենք անընդհատ համալրման կարիք ունենք, և տվյալագիտության մասնագիտությունը մեր ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Ի դեպ, ասեմ, որ դեռ շարունակվում է ընդունելությունը, և կոչ եմ անում մեր երիտասարդներին դիմել անպայման՝ մինչև 80 տոկոս համաֆինանսավորման հնարավորությամբ»։
ԲՏԱ ծրագրերի վարչության ավագ մասնագետ Ռիտա Ասրյանը, ով ևս ներկա էր կազմակերպված միջոցառմանը, տեղեկացրեց, որ 2020 թվականից իրականացվում է մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցության ծրագիրը և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը այս տարի երկու մրցույթով հաղթել է և իրականացնում է «Տվյալագիտության (Data Science/ Analytics)» և «ՏՏ Վաճառքներ (IT Sales)» դասընթացները:
Ըստ Ասրյանի՝ բավականին հաջող են անցկացվել դասընթացները և այսօր արդեն մասնակիցներն իրենց առաջին քայլն են անում դեպի ՏՏ ոլորտ․ «Դեռ դասընթացները շարունակվում են, նոր խմբեր ձևավորելու համար հավաքագրումն այս պահին ընթանում է, ցանկացողները ընդունելության քննություն և հարցազրույց պետք է անցնեն, և դրանից հետո որոշվում է մասնակիցը կարող է անցնել տվյալագիտության դասընթացը, թե՝ ոչ։
Ֆիլիպ Մորրիս ընկերության տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանը ևս ողջունում է այս ծրագրի իրականացումը և ուրախ է նաև այն հանգամանքի համար, որ կա պետական օժանդակություն։ «Այս պահին, օրինակ, մեր մոտ կա 10 թափուր հաստիք և շատ շահագրգռված ենք, որպեսզի կարողանանք համալրել այդ հաստիքները։ Մենք ավարտողների մեջ տեսնում ենք մեր վաղվա պոտենցիալ աշխատակիցներին և ուրախ ենք, որ անցկացվում է այս վերապատրաստման ծրագիրը»։
Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնն աշխատում է Կուբի հետ (PMI-ի գիտահետազոտական կենտրոնը Շվեյցարիայում), համագործակցում տեղական հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։
Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը (30%-80%), որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքների միջին գնահատականից:
Արցախյան պատերազմների մասնակիցների համար դասընթացը կլինի ԱՆՎՃԱՐ:
Ո՞վ կարող է մասնակցել.
- Դասընթացին կարող են մասնակցել Երևանից` 18 տարեկանը, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները:
- Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
- մաթեմատիկայի բազային գիտելիքներ,
- անգլերենի իմացության միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ,
- վերլուծական մտածողություն,
- կրթվելու, զարգանալու, նորը սովորելու ձգտում,
- հաղորդակցման հմտություններ («ՏՏ վաճառքների (IT Sales)» դասընթացի համար):
Ինչպե՞ս դիմել.
- Լրացնել գրանցման թերթիկը
Տվյալագիտություն՝ https://forms.gle/RSEng22gz1KJF3w4A
ՏՏ վաճառքներ՝ https://forms.gle/CyPfPS9dYAtjiE6U7
- Հանձնել առցանց թեստ
- Սպասել արդյունքին
Ի՞նչ ձևաչափով են անցկացվելու դասընթացները.
«Տվյալագիտության (Data Science/ Analytics)» օնլայն դասընթացներն իրականացվելու են շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 16 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ):
«ՏՏ վաճառքների (IT Sales)» օնլայն դասընթացներն իրականացվելու են շաբաթական 2-3 անգամ (ընդհանուր 13 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ):
Բոլոր մասնակիցները դասընթացների ավարտին ԱՆՎՃԱՐ կմասնակցեն մոտ 2 ժամ տևողությամբ softskill-երի զարգացման դասընթացի, որի հիմնական նպատակը մասնակիցներին CV կազմելու և հարցազրույցին ներկայանալու հմտությունների փոխանցումն է:
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի համապատասխան վկայական։
«Տվյալագիտություն (Data Science/ Analytics)» դասընթացի մանրամասների և գրանցման համար՝
Edutainment - Դասընթացներ - DataScience/Analytics (hti.am)
«ՏՏ Վաճառքներ (IT Sales)» դասընթացի մանրամասների և գրանցման համար՝
Edutainment - Դասընթացներ - IT Sales (hti.am)