Ինչպես հայտնել էինք քիչ առաջ, հոկտեմբերի 25-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ԲԿ է տեղափոխվել 11-ամյա աղջկա դի և 19-ամյա աղջիկ, որը հիվանդանոցում մահացել է:

Դեպքից մանրամասներ ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Քննաչական կոմիտե, որտեղից հայտնեցին, որ 11-ամյա և 19-ամյա քույրերը մահացել են գազի արտահոսքից.

«Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 3-րդ փողոցում գտնվող տանը գազաֆիկացում չի եղել: Իրենք տանը տեղադրել են տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որից ռետինե խողովակով գազն անցկացրել են խոհանոց և օգտագործել են գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ օգտագործելու համար: Ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես չի եղել: Գազամատակարարման ընկերության աշխատակիցը փաստել է, որ խոհանոցում առկա է եղել գազի արտահոսք»,-նշեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: