Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, միլիոնավոր աֆղաններ սովամահ կլինեն այս ձմռանը, զգուշացնում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը, գրում է BBC֊ն: Համաձայն ՊՀԾ-ի տվյալների՝ Աֆղանստանի բնակչության կեսից ավելին՝ մոտ 22,8 միլիոն մարդ, բախվում է սննդի խիստ պակասի, իսկ մինչև հինգ տարեկան 3,2 միլիոն երեխա տառապում է թերսնումից:
«Աֆղանստանում այժմ աշխարհի ամենավատ հումանիտար ճգնաժամերից մեկն է, եթե ոչ ամենավատը, - ասում է ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին։֊Դեպի աղետ ենք գնում»:
Ինչպես հայտնի է, «Թալիբան» արմատական իսլամիստական շարժումը Աֆղանստանում իշխանությունը գրավեց օգոստոսին՝ երկրից օտարերկրյա զորքերի շտապ դուրսբերումից հետո:
Իշխանափոխությունը թուլացրել է Աֆղանստանի առանց այն էլ փխրուն տնտեսությունը, որը նախկինում մեծապես կախված էր արտաքին օգնությունից։ Արևմտյան տերությունները դադարեցրին օգնությունը, իսկ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը ժամանակավորապես դադարեցրին ֆինանսավորումը: Թե երբ այն կվերսկսվի, պարզ չէ, քանի որ աշխարհում գրեթե ոչ ոք պաշտոնապես չի ճանաչում «Թալիբանի» կառավարությունը, գրում է BBC-ն։
Շատ աֆղանցիներ այժմ վաճառում են իրենց ունեցվածքը՝ սնունդ գնելու համար։ Թալիբների վարչակազմը նույնպես չունի օտարերկրյա ակտիվների հասանելիություն, ինչը նշանակում է, որ պետական ծառայողները աշխատավարձ չեն ստանում:
«Վերջին անգամ ես իմ աշխատավարձը ստացել եմ ավելի քան հինգ ամիս առաջ,- BBC-ին պատմել է Հերաթից մի ուսուցիչ: «Կյանքը դժվար է: Ես վաճառում եմ այն ամենը, ինչ ունենք տանը»,֊հավելել է Աֆղանստանի բնակիչը։