Պետությունը նախատեսում է 2022 թվականին ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների միջոցառման համար հատկացվելիք բյուջեն ավելացնել՝ դարձնելով 5 մլրդ դրամ:
Այս մասին հիշեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների միջոցառման շրջանակում 2022-ի բյուջեն կկազմի 5 մլրդ դրամ, ինչը 2021-ին եղել է 4 մլրդ 370 մլն դրամ»,- ասաց Ավանեսյանը:
Այս ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին: «Մենք պետության հաշվին սկսել ենք իրականացնել ուռուցքաբանական վիրահատական ծառայությունների ողջ ծավալը՝ անկախ շահառուների որևէ խմբին պատկանելու հանգամանքից»,- հիշեցրեց նախարարը:
Այս ծրագրի շրջանակում գրանցվել է դիմելիության կտրուկ աճ, ինչը նախարարը պայմանավորեց բնակչության համար այդ ծառայությունների հասանելիության բարձրացմամբ:
Անդրադառնալով բժշկական միջամտությունների անհասանելիությանը՝ Ավանեսյանը նշեց, որ կան կանխարգելիչ, սքրինինգային, վաղ հայտնաբերման հետազոտություններին դիմելիության բավականին ցածր ցուցանիշներ: Վիրահատական միջոցառումները հասանելի դարձնելով, նախարարի խոսքով, գրանցվել է նաև սքրինինգային ծրագրերի դիմելիության մեծ աճ:
Խոսելով կրծքագեղձի մամոգրաֆիկ ծառայությունների սքրինինգային ծրագրին՝ նախարարը նշեց, որ դա այս պահին իրականացվում է Լոռու մարզում: Երկու-երեք շաբաթ առաջվա տվյալներով իրականացվել է մոտ 6 000 սքրինինգային հետազոտություն: «Շատ լավ դիմելիության մասին է խոսք գնում: Կայանը տեղակայված էր Վանաձոր քաղաքում բժշկական կենտրոնին հարակից տարածքում: Այս սքրինինգային հետազոտությունների արդյունքում մենք հայտնաբերել ենք 55 դրական դեպք, որոնք միանգամից ուղղորդվել են համապատասխան բժշկական կենտրոն, ստացել են համապատասխան ծառայություններ, ինչը կանխել է հետագայում հաշմանդամության և մահացության դեպքերը»,- ասաց Ավանեսյանը: