ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ կարող է անկեղծ երկխոսություն վարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, սակայն իր «հին ընկերը» չի համարում նրան։ Նման հայտարարությամբ ԱՄՆ-Չինաստան առցանց գագաթնաժողովի նախօրեին հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ կարող եմ հաստատել, որ նա (ԱՄՆ առաջնորդը) դեռ նրան (իր չինացի գործընկերոջը) իր հին ընկերը չի համարում։ Այնպես որ, այստեղ հետեւողականությունը պահպանվում է»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ:
Այնուամենայնիվ, նա հիշեցրել է, որ Բայդենը նախկինում նշել էր, որ բազմիցս դեմ առ դեմ հանդիպել է Սի Ցզինպինի հետ: «Եվ այդ կապակցությամբ նախագահը [Բայդենը] կարծում է, որ կարող է անկեղծ քննարկումներ ունենալ Սի Ցզինպինի հետ, որ կարող է ուղղակիորեն քննարկել նրա հետ այն ոլորտները, որոնց վերաբերյալ մենք մտահոգություններ ունենք՝ լինի դա անվտանգության, տնտեսական, թե մարդու իրավունքների հարցեր։ Եվ նա (Բայդենը), իհարկե, դա կանի այսօր երեկոյան նախատեսված զանգի ժամանակ»,- ասել է Փսակին։ Բացի այդ, նրա խոսքով, ԱՄՆ նախագահը պատրաստվում է առցանց գագաթնաժողովի ժամանակ խոսել այն ոլորտների մասին, որոնցում Վաշինգտոնն ու Պեկինը կարող են «միասին աշխատել», որտեղ երկկողմ համագործակցության հնարավորություններ կան։
Ինչպես ընդգծել է Սպիտակ տան ներկայացուցիչը, Բայդենը պատրաստվում է Սի Ցզինպինի հետ խոսել անկեղծ ու շիտակ։ Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարների մակարդակով քննարկումները հատկապես կարեւոր են Սի Ցզինպինի ձեռքում «Չինաստանում իշխանության կենտրոնացման» պատճառով։ ԱՄՆ կառավարության տեսանկյունից, հավելել է նա, երկու առաջնորդների միջեւ երկխոսությունն այն «ինտենսիվ դիվանագիտության» «առանցքային մասն է», որը ԱՄՆ-ն ցանկանում է վարել Չինաստանի հետ: Սի Ցզինպինի հետ նախկին փոխգործակցության փորձը Բայդենին թույլ է տալիս «արդյունավետորեն զբաղվել դրանով», ասել է Փսակին:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին' արդյոք Միացյալ Նահանգները դիտարկում են Չինաստանում կայանալիք Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի գաղափարը։ Նա վստահեցրել է, որ ամերիկյան իշխանությունները չգիտեն' արդյոք Սի Ցզինպինը Բայդենին կհրավիրի Օլիմպիական խաղերին առցանց գագաթնաժողովի ժամանակ։ 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը, իսկ Պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-ից 13-ը։
Սպիտակ տան կողմից տարածված Բայդենի աշխատանքային գրաֆիկի համաձայն՝ առաջիկա ժամերին կկայանա ԱՄՆ-ի եւ Չինաստանի ղեկավարների վիրտուալ հանդիպումը։ Փսակիի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առցանց գագաթնաժողովը կտեւի մի քանի ժամ։