Ազգային ժողովրդավարական բևեռի երիտասարդական թևի ներկայացուցիչները Արժանապատվության ակցիա են անում Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ՝ ի պատասխան Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի՝ Հայաստանի մասին վիրավորական հայտարարությունների։ Բևեռի երիտասարդ աջակիցները կարտոֆիլ են տարել դեսպանատուն, որի վրա փակցված է Բելառուսի բռնապետի նկարը, որը խորհրդանշում է Լուկաշենկոյին՝ որպես կոլխոզի նախագահի։ Պարկում կա նաև աղբ և փտած կարտոֆիլ, ինչը խորհրդանշում է Լուկաշենկոյի ներաշխարհը։
«Բելառուսի բռնապետ նախագահ Լուկաշենկոն իրեն թույլ տվեց շատ վիրավորական ու արհամարհական տոնով արտահայտվել հայ ժողովրդի ու Հայաստանի հասցեին։ Մեր քաղաքական ուժը մեկ-երկու օր սպասեց, որպեսզի հայաստանյան իշխանությունները հավուր պատշաճի անդրադառնան այս իրադարձությանը և պատասխան պահանջեն Բելառուսի, այսպես կոչված, նախագահից։ Ակնկալում էինք, որ պահանջ կներկայացնեն, որ ներողություն խնդրի, բայց նման բան տեղի չունեցավ, փոխարենը շատ թեթև ստրկամիտ ինչ-որ քայլեր արվեցին»,-ասաց ԱԺԲ-ի ակցիայի մասնակից Մարգարիտա Սադոյանը։
Նրա խոսքով՝ առաջին դեպքը չէ, երբ Լուկաշենկոն հարձակում է գործադրում Հայաստանի և հայ ժողովրդի վրա․ «Մենք հասկանում ենք, թե ինչի համար են այսպիսի հարձակումնեը Հայաստանի վրա, որովհետև նրանք տեսնում են, որ այն, ինչ ձեռնարկեցին ՀՀ ու նրա մասը կազմող Արցախի հանդեպ, չեն կարողանում այնպես մարսել, ինչպես իրենք ուզում էին։ Իրենք չեն կարողանում իրենց ագրեսիան մարսել, դրա համար փորձում են մեր հասարակությանը կեղծ մտքեր տալով, որ մենք ոչ ոքի պետք չենք, մեզ դրդել, որ գնանք ինչ-ինչ զիջումների։ Բայց նման բան չի լինելու։ Լուկաշենկոն մի իզգոյ մարդ է, որին քաղաքակիրթ աշխարհը չի համարում նախագահ, Բայդենը հանդիպում է իսկական ընտրված նախագահի հետ, և այդ մարդը կանգնում ու ասում է՝ Հայաստանն ո՞ւմ է պետք։ Ասեմ ձեզ, պարոն Լուկաշենկո, որ ՀՀ-ն միակն է ձեր այդ թայֆայից, ում հրավիրել են համաշխարհային ժողովրդավարության գագաթնաժողովին»,- նշեց նա՝ կոչ անելով համախմբվել և ստեղծել այնպիսի պետություն, որ Լուկաշենկոյի նման թափթփուկները իրենց թույլ չտան մեր հայրենիքի ու ազգի հանդեպ նման ստոր ձևով արտահայտվել։
Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, մասնավորապես, նշել էր. «Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են...»։