Շարունակում ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ՔՊ-ական պաշտոնյաների նախկին գործատուների ձեռբքերումները Նոր Հայաստանում՝ հեղափոխությունից հետո:
Այսօր կանդրադառնանք Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին: Պարզվում է` 2020թ.-ին գույք ձեռք բերելու համար բարենպաստ է եղել մարզպետի ընտանիքի անդամների համար: Կարեն Պողոսյանը նշված տարում գնել է 2 ավտոմեքենա՝ OPEL և TOYOTA մակնիշների: Մարզպետի որդին իր բանկային հաշիվներում գումար չի ունեցել, իսկ որպես կանխիկ գումար հայտարարագրել է 30 մլն դրամ: Տարեկան եկամուտը կազմել է մոտ 30 մլն 547 հազար դրամ, որից 30 մլն-ը հայտարարագրել է «այլ եկամուտ», իսկ 547 հազարը՝ «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձ:
Նշենք, որ «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ն, ըստ պետռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2003թ.-ին: Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի սպառողական կոոպերատիվների միության Գորիսի հանրախանութի և Գորիսի շուկայի իրավահաջորդը: 2010թ.-ից ընկերության միակ բաժնետերը մարզպետի որդին է՝ Կարեն Պողոսյանը: Վերջինս նաև ընկերության տնօրենն է: «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 11 մլն դրամ: Հարկային մարմնի տեղեկատվական շտեմարանի տվյալների համաձայն՝ «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ն իրականացնում է անշարժ գույքի վարձակալության հետ կապված գործունեություն: Կարեն Պողոսյանի կինը՝ Լիլիա Մկրտչյանը, «Մելիք Բարխուդար» ՍՊԸ-ում գանձապահ է աշխատում, որտեղից էլ 2020թ.-ին ստացել է 372 հազար դրամ եկամուտ: 1 մլն դրամ էլ «այլ եկամուտ» ստացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Մելիքսեթ Պողոսյանի մարզպետ նշանակվելուց հետո սույն ՍՊԸ-ի անունը պարբերաբար հիշատակվում է: Մասնավորապես, Գորիսի համայնքապետարանի էջից հայտնի է դառնում, որ այս կազմակերպությունն ընդգրկված է համայնքապետարանի հետ համագործակցող ընկերությունների շարքում: Թեև գործատու հասկացությունը այստեղ այնքան էլ տեղին չէ, սակայն, սույն ընկերությունը փաստացի պատկանում է Պողոսյանի ընտանիքին և վերջինիս ընտանիքը նշված ՍՊԸ-ից եկամուտներ է ստացել: