2018թ֊ի հայտնի դեպքերից հետո Տավուշում հաստատվեց Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր-քավոր Վահե և Հայկ Ղալումյանների իշխանությունը, որոնք քաղաքապետ, ապա մարզպետ դարձան, պետական համակարգում տեղավորեցին իրենց ծանոթ բարեկամներին: Վերջինների թվին է դասվում նաև Իջևանի քաղաքապետ Արթուր Ճաղարյանը, ում պաշտոնավարման 100 օրը լրացավ վերջերս և չնայած դրան Ճաղարյանը առանձնապես չի շտապում հանրությանը ներկայացնել իր կողմից այս ընթացքում կատարած աշխատանքի հաշվետվությունը:
Իջևանի քաղաքապետի փոխարեն դա կարող ենք անել մենք: Եվ ահա թե ինչ ձեռքբերումներ ենք կարողացել առանձնացնել այս պահի դրությամբ: Ճաղարյանը համայնքապետարանում աշխատանքի է ընդունել մարզպետ Վահե Ղալումյանի բաջանաղի որդուն՝ Վաչե Վիրաբյանին։ Ապա Դավիթ Վիրաբյանի դուստրը՝ 19-ամյա Նանե Վիրաբյանն է հայտնվում ՔՊ ավագանու ցուցակում։ Մարզպետ Հայկ Ղալումյանին կարծես թե չեն բավարարել բաջանաղի ստացած հեղափոխական բոնուսները և արդեն ընտրված քաղաքապետ Արթուր Ճաղարյանին հրահանգել է առանց այդ էլ սուղ բյուջե ունեցող քաղաքում բացել քաղաքապետի տեղակալի երկրորդ հաստիք, որն, ըստ պտտվող լուրերի նախատեսված է, հենց բաջանաղին փոխքաղաքապետ կարգելու նպատակով։ Հայկ Ղալումյանը քաղաքապետարան է մտցրել նաև իր փեսայի եղբորը՝ Աշոտ Երիցյանին։
Բացի այդ՝ համայնքապետ Արթուր Ճաղարյանը Մշակույթի տան տնօրեն է նշանակել Վարդ Շահինյանին, ով համայնքապետի կնոջ մերձավոր ազգականն է:
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն չկա այն մասին, թե Ճաղարյանի գլխավորությամբ համայնքում ինչ ծրագրեր են իրականացվել: Փոխարենը մեզ ավետում են, որ համայնքում անցկացվել է օրինակ բիլիարդի առաջնություն, համայնք է այցելել տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, նշվել է Իջևանի թիվ 3 դպրոցի 50-ամյակը, Մետաղագործների փողոցում տեղադրվել են նոր, լեդ տեսակի լամպեր: Ինչպես կասեր դասականը՝ ահա և վերջ: Շատ կարճ ժամանակում ընտրված քաղաքապետը մոռացության մատնեց իր իսկ տված խոստումները իջևանցիներին, այն է՝ ենթակառուցվածքների վերանորոգում, նորերի կառուցում, նոր աշխատատեղեր, ներդրումների ներգրավում, լուսավորության և, իհարկե, անվտանգության մեխանիզմների կատարելագործում: Այս ամենը կարող է սպասել, քանի որ Արթուր Ճաղարյանը շատ ավելի կարևոր գործեր ունի քաղաքապետի պաշտոնում, այն է՝ ԽԾԲ-ի մաստեր կլասս տալը...: