Ռուսաստանը մտադիր չէ բարեգործությամբ զբաղվել և Եվրոպային անվճար մատակարարել իր բնական գազը, Մոսկվան, եթե ԵՄ-ն հրաժարվի այդ մատակարարումների համար վճարել ռուբլով, կուսումնասիրի իրավիճակը և հետագա որոշումներ կկայացնի։ Այս մասին ամերիկյան PBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Չգիտեմ, թե ինչ կլինի, երբ մերժեն այս հնարավորությունը, հենց որ վերջնական որոշման մասին իմանանք, կուսումնասիրենք, թե ինչ կարելի է անել, բայց հաստատ մտադրություն չունենք այս առումով բարեգործությամբ զբաղվել՝ դեպի Արևմտյան Եվրոպա անվճար գազ ուղարկելով»,- ասել է ՌԴ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով արևմտյան երկրների հայտարարությունները, թե չեն պատրաստվում գազի մատակարարումների համար վճարել ռուբլով։
«Չկա վճարում, չկա գազ»,- զգուշացրել է Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան չէ, որ նախաձեռնել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի ձեռքբերումը աստիճանաբար դադարեցնելու գաղափարը։ «Իհարկե, մենք չէինք ցանկանա դա տեսնել մեր իրականության մեջ»,- եզրափակել է Պեսկովը։