ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայում ռուսական զորքերի դիրքերի վրա քիմիական հարձակման մասին։ Այն իրականացվել է անօդաչու թռչող սարքից, շաբաթ օրը հայտնել է ՌԴ ՊՆ աշխատակից, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, գրում է ՏԱՍՍ֊ը։
Կիրիլովի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը ներքև են նետել բեռնարկղ, որը բացելու դեպքում դրա մեջ եղած սրվակներից թունավոր նյութերի արտանետմամբ պայթյուն տեղի կունենար։
Սրվակների պարունակությունը հետազոտվում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից հավատարմագրված ՌԴ ՊՆ 27-րդ գիտական կենտրոնի լաբորատորիայում։
Կիրիլովը նշել է, որ ավելի վաղ ուկրաինական կողմը հարցում էր ուղարկել արտադրող ընկերությանը՝ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի վրա կցված աերոզոլային սարքավորում տեղադրելու հնարավորության մասին։ Կիրիլովը հայտնել է նաև, որ մարտի 9-ին Խերսոնի մարզում ՌԴ ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները հայտնաբերել են երեք անօդաչու թռչող սարքեր՝ հագեցած 30 լիտրանոց կոնտեյներով և ցողելու համար նախատեսված սարքավորումներով։ Զորքերի ղեկավարն ասել է, որ իրենց տվյալներով՝ 2022 թվականի հունվարին Ուկրաինայի զինված ուժերի համար ձեռք է բերվել ավելի քան 50 նման սարք, որոնք կարող են օգտագործվել կենսաբանական և թունավոր քիմիական նյութեր կիրառելու համար։