Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Առաջարկվում է նաև նման կարգավիճակ շնորհել Մոլդովային։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությանը։
«Ուկրաինան ունի շատ կենսունակ և ակտիվ քաղաքացիական հասարակություն, ինչը լավ է: Ուկրաինան ունի ընտրական համակարգ, որն ապացուցել է, որ արդար և ազատ է: Ուկրաինան ունի լավ զարգացած կրթական համակարգ: Մենք գիտենք և հիանում ենք այս երկրի թվային հմտություններով և թվային ենթակառուցվածքով», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
ԵՀ ղեկավարը հավելել է, որ ուկրաինական տնտեսությունը մինչ պատերազմը ցույց էր տալիս առողջ դեֆիցիտի մակարդակ՝ ընդամենը 2%, մինչդեռ պետական պարտքը 50%-ից ցածր է։
«Լավ է լիարժեք գործող շուկայական տնտեսություն դառնալը, դա կարևոր է, քանի որ, իհարկե, Ուկրաինան պետք է կարողանա ինտեգրվել ԵՄ միասնական շուկայում», - եզրափակել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։