«ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը ֆինանսական օգնություն կտրամադրի ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքին, որտեղ գտնվում է Ընկերության ոսկու կորզման ֆաբրիկան, քաղաքի մշակույթի տան վերակառուցման և հարակից այգին բարեկարգելու նպատակով։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը և համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։
Ընդհանուր առմամբ սուբվենցիոն ծրագրի արժեքը գնահատվում է 100 միլիոն դրամ, որից 30 միլիոնը կտրամադրի ընկերությունը, 35 միլիոնը՝ ՀՀ կառավարությունը, ևս 35 միլիոն կկազմի համայնքի մասնակցությունը։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին. «Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն մենք մտահոգված ենք ոչ միայնմի շարք արտադրական խնդիրներով, այլև կարևորում ենք մեր ներկայության մարզերում սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը։ Արարատ համայնքը մեր վաղեմի և լավ գործընկերն է, և մենք միասին աշխատում ենք բարելավելու նրա բնակիչների կյանքի որակը և հարմարավետությունը, որոնցից շատերը ներգրավված են մեր գործունեության մեջ: Ինչպես վկայում է Գեղարքունիքի մարզում մեր փորձը, սուբվենցիոն ծրագրերը պետության, բիզնեսի և տեղական իշխանությունների միջև փոխհամագործակցության լավագույն ձևաչափն են»։
Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյան. «Սոցիալական բաղադրիչն այն հիմնական ոլորտներից է, որի ուղղությամբ մենք աշխատում ենք մեր մարզի խոշոր արտադրական ընկերությունների հետ միասին։ Այս առումով կարելի է ասել, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը մեր հիմնական գործընկերն ու լավ ընկերն է, որը երկար տարիների ներկայությամբ մասնակցում է համայնքի և նրա բնակիչների կյանքին: Կարծում եմ, որ այս ընկերության օրինակը պետք է վարակիչ լինի մարզի մյուս խոշոր ձեռնարկությունների համար»։
Ընթացիկ նախագիծը երրորդ սուբվենցիոն ծրագիրն է, որին տեղական ինքնակառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մեկտեղ մասնակցում է «ԳեոՊրոՄայնինգ»-ը: Առաջին երկուսն իրականացվել են Հայաստանի Գեղարքունիքի մարզում, որտեղ գտնվում է ընկերության կողմից շահագործվող Սոթքի հանքավայրը։
Մասնավորապես, ընկերությունը 100 մլն դրամ է հատկացրել մի շարք գյուղերի գազամատակարարման, ջրամատակարարման ցանցի զարգացման, գյուղական փողոցների լուսավորության, Վարդենիս քաղաքի և հարակից գյուղական համայնքների փողոցների և պուրակի վերակառուցման և բարեկարգման ծրագրերին։