ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին, այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի գրասենյակը:
«Պետքարտուղարն ու նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի պատմական հնարավորությունը՝ տարածաշրջանում հասնելու խաղաղության: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ առաջարկը՝ աջակցելու տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցման կապերի բացմանը: Պետքարտուղար Բլինկենը խրախուսել է երկկողմ երկխոսության շարունակումը, ինչպես Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն էր: Պետքարտուղարը նաև վերահաստատել է աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումների իրականացմանը: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները 1994 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ նույն կերպ մտածող գործընկերների հետ աշխատանքներում՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն: Պետքարտուղար Բլինկենը նաև հորդորել է նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:
Հուլիսի 25-ին Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: