Ժամանակ առ ժամանակ ակտիվանում են խոսակցությունները հայ ռազմագերիների վերադարձի, նրանց հետագա ճակատագրի վերաբերյալ։ Ընդհանրական գնահատականն այն է, որ ՀՀ իշխանությունները քաղաքական կամք չեն դրսևորում, բավարար ջանքեր չեն գործադրում հույժ կարևոր խնդրի լուծման ուղղությամբ, ավելի՛ն, իրենց երկչոտ քայլերով ու հայտարարություններով շարունակ հաստատում են Բաքվի թեզերը, այլ կերպ ասած՝ խաղում են Ադրբեջանի առաջադրած խաղի կանոններով։
Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները հասկանում են, որ ռազմագերիների հարցը կապվել է քաղաքական պահանջների հետ և մեր ռազմագերիները պահվում են որպես երաշխիք՝ ՀՀ ոչ իրավաչափ պահանջների կատարման։
Սա իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքն է։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նա նշեց հետևյալը․
«Կարող ենք արձանագրել, որ քաղաքական ճանապարհով հարցի լուծումը եղել է խիստ անարդյունավետ, և այս պահին էլ դժվարությունները հաղթահարված չեն։ Բնականաբար, իրավական գործընթացը պետք է առաջ տանել, և այստեղ թե՛ միջպետական, թե՛ անհատական գանգատների շրջանակում հետևողականություն է անհրաժեշտ, որպեսզի բարենպաստ, հայանպաստ իրավական դիրքորոշումներ ստացվեն, թեկուզ մի քանի տարի անց, բայց դա դառնա հնարավորություն խնդրին իրավական ճանապարհով լուծում տալու համար»։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը կարևոր է համարում, որ ՀՀ քաղաքացիները համատեղեն ջանքերը, օրինակ՝ ակտիվություն ցուցաբերի գիտական համայնքը, ովքեր նաև միջազգային պարբերականներում պետք է բարձրաձայնեն խնդիրը և իրավական առումով ցուցադրեն հարցի հիմնավորվածությունը։
«Կարևոր է նաև, որ լրագրողական համայնքը աշխատի միջազգային գործընկերների հետ և հարցը ունենա միջազգային հնչեղություն, մարդու իրավունքներով զբաղվող իրավապաշտպանները և հասարակական կառույցները պետք է միավորվեն միջազգային իրավապաշտպանական կառույցների հետ և համատեղ կոչերի, դիմումների, պահանջագրերի հիման վրա ստիպեն, որպեսզի միջազգային կառույցները կոշտ դիրքորոշում ցուցաբերեն և սեփական տնտեսական շահերից ելնելով չերկրորդեն մարդու իրավունքների խնդիրը»,-նշեց մեր զրուցակիցը։
Սիրանուշ Սահակյանի համոզմամբ, առկա է նաև ջատագովության խնդիր․
«Հայկական սփյուռքի կառույցները պետք է ճնշեն այլ երկրների իշխանություններին, որպեսզի դադարեցնեն իրենց անդեմ, անտարբեր վարքագիծը և պատշաճ արձագանքի արժանացնեն Ադրբեջանի գործողությունները, կատարվող շարունակական պատերազմական հանցագործությունները, որոնց մեջ նաև ներառված է ռազմագերիների հայրենադարձումը միտումնավոր ուշացնելը»։
Արա Ալոյան