Հայաստանում այս տարվա աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը կգործարկի բենզալցակայանների ցանց: Այս մասին հայտնի դարձավ ամիսներ առաջ, և շատերն այդ ժամանակ կարծիք հայտնեցին, որ հենց այս ընկերության միջոցով է ադրբեջանական բենզինը մտնելու հայկական շուկա: Shell-ը երկար տարիներ տնօրինել է Ադրբեջանի խոշորագույն ԻՆԱՄ հանքավայրի 25%-ը, այնուհետև այն վաճառելով կորեական ընկերություններին' շարունակում է մեծ ազդեցություն ունենալ Ադրբեջանի էներգետիկ կոնյունկտուրայում: Սակայն, արդյո՞ք Հայաստանի իշխանությունների գլխավոր նպատակըն այս դեպքում ադրբեջանական բենզինը զարտուղի ճանապարհով Հայաստան բերելն է:
Գաղտնիք չէ, որ շաբաթներ առաջ Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ ստորագրվել են մի շարք կարևորագույն փաստաթղթեր և ձեռք են բերվել համաձայնություններ: Հանդիպումների արդյունքում տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու անկախությանը: ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսն էլ, մայիսի 3-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հուշագրին, հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ մատակարարումները։ Խոսք գնաց անգամ այն մասին, որ Երևանը քննարկում է հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման գործում ամերիկյան մասնակցության հարցը։ Երեկ էլ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հանդիպել էր ԱՄՆ միջուկային էներգետիկայի կոմիտեի փոխնախագահի հետ: Արդյո՞ք պատահական էր այս հանդիպումը, թերևս ոչ:
Այսինքն, ստացվում է՝ Հայաստանը Արևմուտքի հետ համաձայնեցրած փորձում է այնպես դիվերսիֆիկացնել իր էներգետիկ շուկան, որպեսզի դրա արդյունքում շուկայից դուրս մղվի կամ էականորեն կրճատվի ռուսական կապիտալը: Հետևաբար սա ոչ միայն կոմերցիոն հարց է, այլ առաջին հերթին աշխարհաքաղաքական, քանի որ սրանով Հայաստանի իշխանությունները բավականին լուրջ հարված են հասցնելու «Ռոսնեֆտ»-ին, որը հանդիսանում է ՀՀ հիմնական մատակարարը այս պահին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արձանագրել էր, որ Հայաստան ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի գերակշիռ մասը հայաստանյան ներմուծողները ձեռք են բերում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է Ռուսաստանի նավթաարդյունաբերության առաջատար «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲԸ դուստր ձեռնարկությունը: Այլ կերպ ասած՝ «Ռոսնեֆտ-Արմենիա»-ն միջնորդ կազմակերպություն է հայաստանյան ներմուծողների և ռուսական «ՆԿ «Ռոսնեֆտ»-ի միջև:
Սակայն, սա միակ հարվածը չէ ռուսական կապիտալին: Փաշինյանի կաբինետի անդամների՝ ԱԽ քարտուղարի վերջին մի քանի և ՊՆ նախարարի այսօր տեղի ունենալիք այցը Վաշինգտոն նույնպես բավական խորհրդանշական է: Փաշինյանը փորձում է դիվերսիֆիկացնել նաև զենքի մատակարարման ոլորտը, իսկ մենք գիտենք, որ ՀՀ զենքի մատակարար մինչ այս պահը հիմնականում հանդիսանում էր հենց ՌԴ-ն:
Բնականաբար, ՌԴ-ում քաջ գիտակցում են, թե ուր են տանում իրադարձությունների զարգացումները և պատահական չէ, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Միրզոյանը այսօր կանչվել են ՌԴ: Մոսկվան փորձում է հասկացնել Փաշինյանին, որ վերջինիս քայլերն անհետևանք չեն մնալու: Ուշագրավ է, որ այդ ֆոնին կրկին ակտիվանում են խոսակցությունները, որ քաղաքականություն է պատրաստվում վերադառնալ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Սա՞ էլ է Մոսկվայի մեսիջը Նիկոլ Փաշինյանին՝ ցույց կտա ժամանակը...