Ուկրաինայում վիճակն օրհասական է․ մինչ Արևմուտքը ֆինանսական ու ռազմական աջակցություն է տրամադրում Կիևին, մյուս կողմից՝ մեծացնում ճնշումը Մոսկվայի նկատմամբ, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ, ռազմաճակատից ամեն օր նոր տեղեկություններ են ստացվում կատաղի մարտերի, նոր զոհերի ու վիրավորների մասին։ Ներկայում տպավորություն կա, թե Ուկրաինայի զինուժը որոշակի ակտիվություն է հանդես բերում՝ անցնելով հակահարձակողական մարտավարության․ այդ մասին են վկայում նաև կոնկրետ Խերսոնում Կիևի կողմից շարունակվող ռազմական գործողությունները։
«Ուկրաինան այսօրվա դրությամբ, փաստացի, կարողացավ Ռուսաստանին թելադրել իր գործողությունների սեփական տրամաբանությունը։ Այսինքն կարողացավ հարձակողական գործողություններ իրականացնել երկրի հարավում, ապա՝ արևելյան հատվածում, Խերսոնի մարզի ուղղությամբ։ Եվ Ռուսաստանում այս ամենը հրաշալի հասկանում են։ Համապատասխանաբար, ընթանում են հարձակողական գործողություններ, բայց, իհարկե, ոչ այնպիսիք, որոնք մեզ ծանոթ են Երկրորդ համաշխարհային պատերազմի ֆիլմերից»։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց «Համաշխարհային քաղաքականության ինստիտուտ»-ի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդան։
Նրա խոսքով, ընթանում է ժամանակակից պատերազմ՝ հրետանային հարվածներով, օդուժի, ԱԹՍ-ների, հատուկ նշանակության ուժերի գործադրմամբ։ Փաստացիորեն ուկրաինական զորքերին մոտիվացիա պետք չէ, նրանք ազատագրում են իրենց հողերը․ ռուսական զորքերի մի մասը կտրված է հարավում տարհանման հնարավորությունից, որովհետև ոչնչացվել են Խերսոնչինային և Ղրիմին կապող ռազմավարական կամուրջները, նկատեց մեր զրուցակիցը։
Առ այսօր ռուս-ուկրաինական պատերազմի մասին խոսելիս հիմնական «լեզուն» կամ «բառապաշարը» եղել է ռազմաքաղաքական։ Մեր պնդմանը, թե ակնհայտ է՝ ոչ մի ժողովուրդ չի ցանկանում պատերազմել, այդ դեպքում խաղաղությա՛ն, սովորական մարդկա՛նց «լեզվով» խոսելիս՝ ի՞նչ պետք է անել, որ հաստատվի զինադադար ու խաղաղություն, ուկրաինացի քաղաքագետն ասաց հետևյալը․
«Եթե մենք խոսում ենք ՌԴ-ի հետ պատերազմի մասին հասարակ մարդու լեզվով, և ի դեպ, պարտադիր չէ՝ Ուկրաինայի քաղաքացու դիրքերից, ապա ես կօգտագործեմ բոլորին հասկանալի բառեր․ Բուչա, Մարիուպոլ, Ելենովկա և այլն․ սրանք ռուսական ագրեսիայի խորհրդանիշներն են։ Կուզեի ընդգծել, որ այսօր Ուկրաինայի մեծ մասը՝ 90 տոկոսը հավատում է Ռուսաստանի դեմ հաղթանակին։ Մենք պատերազմ ենք մղում մեր անկախության համար, և դա գիտակցում է Ուկրաինայի բնակչության գերակշիռ մասը»։
Պատերազմը պետք է դադարեցնել օկուպացված տարածքներն ազատագրելով, այլ սցենար՝ ուկրաինացի ժողովուրդը չի ընդունի, եզրափակեց Եվգենի Մագդան։
Արա Ալոյան