Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է վավերացնի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Կանոնադրությունը և ճանաչի Դատարանի իրավազորությունը:

ԼՈՒՐԵՐ․сom-ի հարցին, թե հատկապես ինչո՞վ է կարևոր ՄՔԴ-ի գործունեությունը, կոնկրետ ի՞նչ կտա այդ կառույցին Հայաստանի անդամակցումը, Պետրոսյանը նշեց․

«Միջազգային քրեական դատարանի անդամակացությունը միջազգային իրավունքում, ինչպես նաև դիվանագիտական բանակցությունների ընթացքում կստեղծի իրավական պաշտպանական օղակ։ Դրանով հնարավոր կլինի կանխարգելել պատերազմական բախումների ընթացքում պատերազմական հանցագործությունները»։

Նրա պնդմամբ, ՄՔԴ-ին անդամակցելով՝ հնարավոր կլինի պատերազմական հանցագործներին կանչել իրական քրեական պատասխանատվության։

Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ է Հայաստանը հապաղում ՄՔԴ-ին միանալուց և ո՞րն է դրա պատճառը, Պետրոսյանն ասաց․

«Դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին։ Մի կողմից՝ բացակայում է քաղաքական վճռականությունը, մյուս կողմից՝ թվում է, որ ընդհանրապես ծրագիր չկա, թե ինչպես ենք ուզում առաջ գնալ։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև քաղաքական ազդեցությունը, որը խոչընդոտներ է ստեղծում ՄՔԴ անդամակցության համար»։

Արա Ալոյան