Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը պարզաբանում է տարածել, որտեղ նշել է, որ իրեն եւ իր տեղակալներին աշխատասենյակում ծեծի ենթարկելու լուրը չի համապատասխանում իրականությանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ի պատասխան այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածի' տեղեկացնում եմ, որ նյութը իրականությանը չի համապատասխանում: Նման միջադեպ չի եղել:
Նույն լրատվականի կայքում հրապարակման հայտնվելուց հետո հնչել են զանգեր նաև տարբեր լրագրողների կողմից, որոնք հերքվել են մեր կողմից:
Հորդորում ենք մտացածին նյութերը հանրության լայն շրջանակների համար քննարկման առարկա չդարձնել և հրապարակել նաև պարզաբանում-հերքումները»։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մոտ մեկ ամիս առաջ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին և տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի են ենթարկել: «Պատմությունը կապված է Երևանի Կենտրոնում գտնվող խաղահրապարակի հետ. բնակիչները երկար ժամանակ դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, տեղակալներին՝ խնդրելով բարեկարգել իրենց բակի տարածքը, սակայն ոչինչ չի արվել: Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի կենտրոնի մի քանի բնակիչներ գնացել են թաղապետարան՝ պարզաբանումներ ստանալու:
Խոսակցությունը փոխթաղապետ Ռոմանոս Սաֆարյանի սենյակում է ծավալվել ու չի ստացվել, քանի որ փոխթաղապետը օգտագործել է պաշտոնյային ոչ հարիր բառապաշար՝ «սպրո՞ս եք անում» հարցադրումով: Երեւանի բնակիչներն էլ, որոնցից մեկը քրեական աստիճանակարգով բարձրագույն կոչում է ունեցել, բացատրել է, որ իրենք այդ նպատակով չեն եկել: Այսպես, փոխթաղապետ Ռոմանոս Սաֆարյանի հետ քաշքշուկ է եղել, քարտուղարուհին շտապ կանչել է մյուս փոխթաղապետին՝ Նիկոլայ Սարիբեկյանին: Այնուհետեւ սենյակ է եկել թաղապետ Սամվել Ղուկասյանը, որոնք բոլորն էլ հասցրել են հարվածներ ստանալ հենց աշխատասենյակում»,-գրել է թերթը: