Այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարին ներկա էր նաև «Հայաստանի ժողովրդական կուսակցության» նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով կուսակցության անունից ողջունեց մասնակիցներին, արդյունավետ աշխատանք մաղթեց ՀԱԿԿ-ին և հաջողություն՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, տարիներ շարունակ իրականացվող քաղաքականության, իշխանության գործունեության հետևանքով մեր երկիրն այսօր հայտնվել է համակարգային ճգնաժամի մեջ:

Արտագաղթի աճ, ըստ որոշ հարցումների՝ բնակչության 40 %-ն ուզում է հեռանալ Հայաստանից, աղքատության աճ, պաշտոնական տվյալներով՝ բնակչության ավելի քան 1/3-ն աղքատ է, գործազրկության աճ, համակարգային բնույթ կրող կոռուպցիա: Սա է պատկերը, այս վիճակը չի փոխվի, չի կարող փոխվել, եթե չփոխվի իշխանության որակը, եթե երկրում չիրականացվեն համակարգային, արմատական փոփոխություններ: Ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը պետք է համատեղեն իրենց ջանքերը՝ երկրի համար անհրաժեշտ փոփոխություններ իրականցնելու, երկրում օրինականություն հաստատելու համար։ Սա է ընդդիմադիր ուժերից ակնկալում հասարակությունը։ ՀԺԿ-ի անունից հավաստիացնում եմ, որ մենք պատրաստ ենք համագործակցել թե՛ նորաստեղծ կուսակցության, թե՛ ՀԱԿ դաշինքի մեջ մտնող կուսակցությունների հետ՝ հանուն երկրում սահմանադրական կարգի, օրինականության հաստատման, հանուն մեր երկրի առաջընթացի»,- իր ելույթում նշեց Ստեփան Դեմիրճյանը: