Երևանում կայացավ դանիացի միսիոներ, մեծ մարդասեր, հայ ժողովրդի մեծ բարեկամ, 1000-ավոր հայ որբերին երկրորդ կյանք պարգևած Մարիա Յակոբսենի անունով անվանակոչված փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։
Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիրի 51-րդ փողոցն անվանակոչվել է Մարիա Յակոբսենի անվամբ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ շռայլություն է ունենալ անանուն փողոցներ, երբ հայ ժողովուրդն իր պատմության մեջ ունի նվիրյալներ և բարեկամներ, որոնցից մեկն էլ Մարիա Յակոբսենն է:
«Մենք կարևորում ենք անձանց, ովքեր ամենածանր պահերին եղել են հայ ժողովրդի կողքին: Մարիա Յակոբսենը այն անձանցից է, ով Ցեղասպանության տարիներին փրկել և կրթել է հազարավոր հայ մանուկների, և սա, կարծում եմ, այն փոքր հիշատակի հնարավորությունն է, որ քաղաքը կարող է և պարտավոր է տալ այդ մարդուն: Մենք պետք է հիշենք և մեր պատմության էջերում գրանցենք նման մարդկանց, որպեսզի մեր զավակներն ու թոռները նրանց ևս իմանան»,- նշեց Ավինյանը:
Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը նշեց, որ սա առաջին միջոցառումն է, որին մասնակցում է՝ որպես Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան:
«Երեկ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ևս նշել եմ, որ մեր հարաբերությունները կառուցելու ենք պատմական կապերի, բարեկամության հիմքերի վրա: Մարիա Յակոբսենը այդ բարեկամության խորհրդանիշն է: Հազարավոր հայ մանուկներին Ցեղասպանությունից փրկած միսիոներին կոչում էին Մամա Յակոբսեն»,- ասաց դեսպանը:
Միջոցառմանը ներկա էին նաև Մարիա Յակոբսենի ժառանգները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, «Մարիա Յակոբսեն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, մտավորականներ և այլ պաշտոնական անձինք:
Մարիա Յակոբսենը ծնվել է 1882թ. Դանիայում: 1906թ. բուժքույրական դասընթացներն ավարտելուց հետո դառնում է «Կանանց միսիոներական աշխատողներ» կազմակերպության անդամ և որպես միսիոներ մեկնում է Խարբերդ: 1907-1919թթ.-ի տեսածը Յակոբսենը շարադրում է իր օրագրում, որը հետագայում դառնում է Հայոց ցեղասպանության մասին ականատեսի վկայություն: 600 էջից բաղկացած օրագրում նկարագրված է Խարբերդի հայերի տեղահանությունն ու աքսորը: Մարիա Յակոբսենի ջանքերով ավելի քան 3600 հայ որբեր անցում են նրա խնամակալության տակ: Հենց այդ ժամանակ էլ նա վարակվում է հիվանդությամբ: 1919թ. բուժման նպատակով որոշում է մեկնել Դանիա, սակայն հրավեր է ստանում մեկնելու ԱՄՆ: 7 ամիսների ընթացքում նրան հաջողվում է հայ որբերի համար գումար հայթայթել, որից հետո փորձում է վերադառնալ Խարբերդ, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս: Մարիա Յակոբսենի նախաձեռնությամբ և ջանքերով 1922թ.-ին Սայդայում բացվում է որբանոց, որը 1928թ.-ին տեղափոխվում է Բեյրութի մերձակայքում գտնվող Ջիբեյլ ավան և կոչվում «Թռչնոց բույն»: Հենց այստեղ էլ Յակոբսենը շարունակում է իր գործունեությունը: Հայ որբերը նրան դիմում էին «մամա»: «Թռչնոց բույնը» նրանց համար ավելի շատ դպրոց էր և տուն, քան որբանոց: Այնտեղ երեխաները սովորում էին նույն այն առարկաները, որոնք դասավանդվում էին Լիբանանի հանրային դպրոցներում: