Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից բարձրացված ապստամբությունը «ամեն դեպքում կճնշվեր»։ Այս մասին նա հայտարարել է իր ուղերձում։
«Զինված ապստամբությունը ամեն դեպքում կճնշվեր։ Ապստամբության կազմակերպիչները, չնայած ադեկվատության կորստին, չէին կարող դա չհասկանալ»,- ասել է նա։
«Շնորհակալություն եմ հայտնում «Վագներ» խմբավորման այն զինվորներին ու հրամանատարներին, ովքեր միակ ճիշտ որոշումը կայացրին․ նրանք չգնացին եղբայրասպան արյունահեղության, կանգ առան վերջին գծի վրա։ Այսօր դուք հնարավորություն ունեք շարունակելու ծառայել Ռուսաստանին՝ պայմանագիր կնքելով պաշտպանության նախարարության կամ այլ իրավապահ մարմինների հետ, կամ վերադառնալ ձեր ընտանիքի և ընկերների մոտ: Ով ուզում է, կարող է գնալ Բելառուս: Իմ տված խոստումը կկատարվի: Կրկնում եմ՝ ընտրությունը ձերն է, բայց վստահ եմ, որ դա լինելու է ռուս զինվորների ընտրությունը, ովքեր գիտակցել են իրենց ողբերգական սխալը»,- ասել է պետության ղեկավարը։
Նա նշել է, որ «Վագներ» խմբավորման մարտիկների ու հրամանատարների ճնշող մեծամասնությունը ռուս հայրենասերներ են՝ նվիրված իրենց ժողովրդին ու պետությանը։
«Ուստի իրադարձությունների հենց սկզբից իմ անմիջական ցուցումով քայլեր են ձեռնարկվել մեծ արյունահեղությունից խուսափելու համար»,- ընդգծել է նախագահը։
Ապստամբության կազմակերպիչները, դավաճանելով երկրին, դավաճանեցին նրանց, ովքեր իրենց հետ էին, նշել է Պուտինը, և ապստամբները ցանկանում էին, որ զինվորները սպանեն միմյանց, և Կիևը նույնպես նման ելք էր ցանկանում։
«Զինված ապստամբությունը ամեն դեպքում կճնշվեր»,- ընդգծել է պետության ղեկավարը։
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ռուսներին տոկունության, համերաշխության և հայրենասիրության համար, ինչը ցույց է տվել, որ ցանկացած շանտաժ ու երկպառակություն դատապարտված են ձախողման։