«Փյունիկ» զարգացման կենտրոնի ցուցասրահում օրերս տեղի ունեցավ նկարչուհի Արմի Հարությունյանի հերթական ցուցահանդեսը։ Խորագիրն այս անգամ հենց հեղինակի անունով էր, որտեղ Արմին ներկայացրել էր վերջին յոթից-ութ տարիների աշխատանքները։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Արմի Հարությունյանը նշեց, որ այս անգամ իր նկարների ցուցադրությունը ամբողջի միաձուլումն էր․
«Այս անգամվա խորագիրը հենց իմ անունով է՝ Արմի, որովհետև էստեղ ամբողջ կյանքիս տարիների հավաքածուն է, նկարներս պատմում են իմ հերոսների մասին, որոնք կանայք են՝ իրենց անհատական հույզերով ու ապրումներով»,-նշեց նա։
Արմի Հարությունյանը իր ձեռքբերումներից է համարում Դուբայում տեղի ունացած ցուցադրությունը․ հասարակությունը ընկալել ու ջերմ է ընդունել նկարչուհու արվեստը․
«Ինչու եմ առանձնացնում հենց Դուբայը, որովհետև, երբ գնում ենք արդեն Եվրոպա կամ Ամերիկա, այնտեղ հասարակությունը բաց է, ազատ է, ամեն բան կարող ես տեսնել ցուցասրահներում, իսկ Դուբայում կան օրենքներ, որոշակի սահմանափակումներ, սակայն, ի ուրախություն ինձ, իմ գործերը այնտեղ տեղ են գտել։
Ես կարծում եմ, որ կինը, մարդը էմոցիա է ստանում դիմացինից, իմ նկարների պարագայում կանայք էմոցիա են ստանում իրենց կողակից տղամարդկանցից։ Ինձ պետք է, որ իմ նկարները խոսեն մարդկանց հետ, որովհետև դրանցից յուրաքանչյուրը իր գույնը, իր երանգն ու միկիկան ունի, անգամ եթե նկարը միագույն է՝ դա չի խանգարում, որ միագույնությամբ հանդերձ դիմացինին էմոցիա փոխանցի, ուրախացնի»,-ասաց Արմի Հարությունյանը։
Նշենք, որ մինչ օրս նկարչուհին ունեցել է անհատական 17 ցուցադրություն։
Նշենք նաև, որ աշխարհահռչակ արտ քննադատ Բեռնհարդ Բելերը անդրադարձել է նկարչուհու աշխատանքներին, խոսել նրա արվեստի մասին և իր հիացմունքն արտահայտել աշխատանքների վերաբերյալ․
«Արմիի գեղարվեստական ջանքերն արտացոլում են նրա՝ որպես նկարչուհու յուրահատուկ հայացքը, իր ստեղծագործական ինքնաարտահայտման շնորհիվ Արմին կարողանում է ոգեշնչել հանդիսատեսին։ Նրա նկարները գրավում են իրենց համարձակությամբ, զգայականությամբ։ Նա կարողանում է վրձնի հարվածով փոխանցել խորը հույզեր․ դրանք ասես յուրահատուկ ուղերձ են հանդիսատեսին, որպեսզի դիտողը նկատի սեփական ներաշխարհը»,-իր խոսքում ասել է Բեռնհարդ Բելերը։
Մանրամասները՝ տեսանյութում։