Խորհրդարանը վավերացրեց «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը, որը կարևոր դեր պետք է կատարի նաև փողերի լվացման դեմ պայքարում: Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին: Մինչև հիմա համաձայնագրին միացել են ավելի քան 110 երկրներ:
Մուրադյանը տեղեկացրեց, որ համաձայնագրի նպատակն է 1998-ի հունվարին Ստրասբուրգում ստորագրված Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին կոնվենցիայի հիման վրա տեղեկությունների ավտոմատ փոխանակման միջոցով միջազգային հարկային պարտավորությունների կատարման ապահովումը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից մշակված ավտոմատ փոխանակման ստանդարտների ներդրումը: «Համաձայնագիրը սահմանում է հարկային նպատակով օտարերկրյա ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին ավտոմատ փոխանակվող տեղեկությունների շրջանակը, դրանց ժամանակացույցն ու եղանակը»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Նա նշեց, որ հարկային մարմիններն արդեն իսկ փոխանակում են այդ տեղեկությունները, սակայն հարցումների հիման վրա: Համաձայնագիրը վավերացնելու պարագայում այն կիրականացվի ավտոմատ ձևով:
Տեղեկության փոխանակումը սկսելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ իրավասու մարմնի կողմից Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի քարտուղարությանը ներկայացվեն համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված ծանուցումները, այդ թվում, թե որ երկրների իրավասու մարմինների հետ է համաձայնության եղել, որ տեղեկությունները փոխանակեն: Այդպիսի տեղեկության փոխանակումը հնարավոր է տվյալ երկրների իրավասու մարմիններից ևս նման համաձայնություն ստանալու պարագայում:
«ՀՀ-ի համար համաձայնագրին միանալը համարում ենք արդյունավետ: Այն կարևոր դեր է կատարում փողերի լվացման դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների շարժին հետևելու նպատակով միջազգային համագործակցությունը խթանելու համատեքստում և բնականաբար հարկային վարչարարության բարելավման առումով,-ասաց Մուրադյանը:
Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը քվեարկությամբ ստացավ 96 կողմ, 2 ձեռնպահ ձայներ: